ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐԶՆԿԱՑԻ

Բանաստեղծ, տաղերգու

1250 - 1328

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքում: Մանուկ հասակից մտել է վանք: Ենթադրվում է, թե ուսանել է Մեծ Հայքի Եկեղյաց գավառի դպրատներից մեկում՝ Երզնկայից ոչ հեռու գտնվող Տիրաշենի մենաստանում: Նրա կրոնավոր կամ աշխարհական լինելու մասին որոշակի տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ վանական կամ հոգևոր որևէ աստիճան չի ունեցել: Նրան է վերագրվում 27 անուն քերթված: Իր ստեղծագործություններում արտահայտել է Երզնկայի զարգացած քաղաքային կյանքի, արհեստավորական և առևտրական շերտերի աշխարհիկ, ազատամիտ տրամադրություններն ու աղանդավորական գաղափարները, որի համար ենթարկվել է հալածանքի: Նրա բնության երգերը հիմնականում գարնան ու լույսի փառաբանումն են: «Մեծ գոհութիւն հարիւր հազար», «Այսօր եղև պայծառ գարուն», «Գարունն լինի ուրախութիւն» սկզբնատողերով քերթվածներում ամեն ինչ դիտվում է գործողության, ընթացքի ու ծավալման մեջ: Բնության պատկերները նրա երկերում հախուռն են ու գունագեղ, չգերազանցված են մնում արշալույսը խորհրդանշող քերթվածները: Լույսը բանաստեղծի ըմբռնումներում խորհրդանշում է արարիչ, խելք, իմաստություն («Ահա գիշերս էանց» և «Զարթիք ի յերազուտ» սկսվածքով քերթվածները): Նրա սիրո տաղերը ընդարձակում են հայ միջնադարյան բանաստեղծության ընդգրկման սահմանները՝ նշանավորելով նրա նոր ու բարձր աստիճանը: Ըստ բանաստեղծի, կյանքի շարժիչ ուժը սերն է. բնությունն ինքը սեր է, և ամեն ինչ՝ սիրո ծնունդ: Հայ գրականության մեջ առաջին անգամ ստեղծագործության նյութ են դառնում սիրած կնոջ ոչ միայն արտաքին բարեմասնությունները, այլև ներաշխարհը՝ հույզերի ու մտորումների նրբագծումով: Կինը բանաստեղծի համար նույնն է, ինչ բնության մեջ գարունը, առավոտը, լույսը: Սակայն նրա առաջնային բնութագիրը լույսն է. պատկեր «լուսատես», «լուսին սուրաթով լոյս», «զինչ արեգակն լոյս», «աչերու լոյս», «լուսեղեն լոյս» և, վերջապես, գոյության հիմք, կենաց աղբյուր: Անձնական ապրումներն արտահայտվում են պոռթկումով ու ավյունով: Դրանք երաժշտականություն, նրբություն, ընթերցողին վարակելու մեծ զորություն են ձեռք բերում՝ յուրօրինակ տաղաչափությամբ: Նրա բնության ու սիրո երգերը մեր աշխարհիկ քերթության առաջնեկն են: Մահացել է Երզնկայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար