ԳՐԻԳՈՐ ԿՈՅԼԱՎ

Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

18 մայիս, 1850 - 3 սեպտեմբեր, 1920

Ծնվել է Բոտոշանի քաղաքում (այժմ՝ Ռումինիայում): Եղել է Կոյլավ ազնվական տոհմից: Նախնական կրթությունն ստացել է Բոտոշանի հայոց արական դպրոցում, 1860-68թթ՝ Չեռնովցիում (այժմ՝ Ուկրաինայում): 1869-72թթ իրավաբանություն, փիլիսոփայություն, բնական գիտություններ ու նկարչություն է ուսանել Ստրասբուրգի, Վիեննայի, Մյունխենի համալսարաններում և Գեղարվեստների ակադեմիայում (Մյունխեն): 1880-86թթ եղել է Բոտոշանի հայոց իգական դպրոցի տնօրենը, ապա՝ քաղաքային խորհրդի անդամ, փոխքաղաքապետ (1888թ., 1892թ. և 1900թ.), գավառային խորհրդական և Մուչավայի (այժմ՝ Ռումինիայում) ընդհանուր խորհրդի փոխնախագահը (1894-95թթ): Մի քանի անգամ ընտրվել է Ռումինիայի սենատոր, եղել Միջպառլամենտական խաղաղության կոնֆերանսի անդամ, Բոտոշանի «Արմենիա» երաժշտական ընկերության փոխնախագահը, Բուխարեստի աշխարհագրական, պատմական ընկերությունների անդամ, «Բոտոշանի կուրիեր» թերթի հիմնադիրներից և Բուխարեստի «Էպոկա» թերթի խմբագիրը: 1906թ. մասնակցել է Բուխարեստում հայ արվեստի ու մշակույթի ցուցահանդեսի կազմակերպմանը և արժանացել շքանշանի: Ուսումնասիրել է Մոլդովայի և Ռումինիայի հայոց եկեղեցիների արձանագրությունները, հայ ձեռագրերը, դիվանական նյութերը և հրատարակել (ռումիներեն) հայագիտական աշխատություններ («Հայերը իբրև քաղաքների հիմնադիրներ Արևելյան Եվրոպայում», 1909թ., «Ռումինական երկրների հայերի ավանդությունները, սովորույթները և հավատալիքները», 1911թ., «Ռումինական երկրների հայկական եկեղեցիները», 1912թ.): Ռումինական մամուլում հրատարակել է հոդվածներ հայ կարիճվորաց եղբայրությունների, հայ, ռումին և մոլդավ ժողովուրդների հարաբերությունների, ազգագրության, երաժշտության վերաբերյալ, կատարել թարգմանություններ: Մահացել է Ռումինիայի Բոտոշանի քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար