
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ԹՈՐՈՍ ՏԱՐՈՆԱՑԻ

14-րդ դար
Ծնվել է Տարոնի Մուշ քաղաքում: Եղել է 14-րդ դարի 1-ին կեսի Գլաձորի մանրանկարչության դպրոցի խոշոր ներկայացուցիչ: Նրան երբեմն Մշեցի են անվանել: Հայրը եղել է Սարգիս քահանան, մայրը՝ Մարիամը: Սովորել է Գլաձորում, Եսայի Նչեցու մոտ: Հայտնի են նրա ընդօրինակած և ծաղկած 19 ձեռագիր, որոնցից ինը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Մեզ հայտնի նրա առաջին ձեռագիրը «Եսայի Նչեցու Ավետարանն» է (1307թ., Վենետիկի Սբ. Ղազար վանք), որը ուսումնասիրել է Սիրարփի Տեր-Ներսեսյանը: Գործունեությունը մոտ 40 տարի է տևել: Վերջին անգամ անունը հանդիպում է 1346թ., նրա ծաղկած ժողովածուում: Լավագույն ստեղծագործություններից է «Եսայի Նչեցու Աստվածաշնչի» (1318թ., Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) նկարազարդումը, որը պարունակում է 11 թեմատիկ մանրանկարներ, 4 ավետարանիչների պատկերներ և գրեթե յուրաքանչյուր էջում՝ զարդանկարներ: Լուսանցազարդերը մեծ մասամբ կազմված են բուսական մոտիվներից: Գլխագրերը բազմազան են: Թերթերի կոմպոզիցիոն կառույցը մոնումենտալ տպավորություն է թողնում: Գունային գամմայում իշխում են կապույտը, կարմիրը, մանուշակագույնը՝ ոսկու առատ օգտագործմամբ: Ձեռագրում վեց խորաններ են, յուրաքանչյուր երկուսը՝ սիմետրիկ: Բյուգանդական մանրանկարչության սկզբունքների որոշ առկայությամբ հանդերձ, ազգային վաղեմի ավանդույթները հաստատուն տեղ են գրավում նրա արվեստում: Նկատելի է ժողովրդական արվեստի հնարքների օգտագործումը: Հորինվածքները պարզ են՝ գրեթե միշտ կառուցված համաչափ ուրվանկարով: Առանձին կենդանությամբ է պատկերել Տիրամորն ու մանկանը (մուծելով կենցաղային մոտիվներ), նվագող Դավիթ մարգարեին, միջնադարյան մտածող Եսայի Նչեցուն: Առավել արտահայտիչ է նրա ծաղկած ձեռագրերի զարդարվեստը (Մեծ Հայքի և Կիլիկիայի զարդարվեստի յուրահատուկ սինթեզ):