ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՆՃԻԿՅԱՆ

Արևելագետ, պատմաբան

25 սեպտեմբեր, 1913 - 5 ապրիլ, 1990

Ծնվել է Ախալցխայում, տոհմիկ էրզրումցիների ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Ախալցխայի հայկական դպրոցում։ 1925-26թթ ավարտելով յոթերորդ դասարանը՝ մեկնել է Թիֆլիս, ընդունվել տեղի մանկավարժական տեխնիկումը, ավարտելուց հետո վերադարձել ծննդավայր և որպես ուսուցիչ աշխատել Ախալցխայի շրջանի գյուղերի հայկական դպրոցներում։ 1934-39թթ սովորել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Վ.Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայում՝ որպես դասախոս։ 1941-42թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել 89-րդ Թամանյան դիվիզիայի 390-րդ հրաձգային գնդի ռազմական կոմիսար: Զորացրվելուց հետո հաստատվել է Հայաստանում, որտեղ զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1974թ. «Օսմանյան կայսրության ազգային բուրժուազիայի ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն (1984թ-ից՝ պրոֆեսոր)։ 1952-54թթ եղել է ՀԿԿ կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 1955-58թթ միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Երևանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում: 1958-71թթ եղել է ՀՀ ԳԱ արևելագիտության բաժանմունքի վարիչ, 1971-84թթ՝ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրենը: 1967թ. ընտրվել է Ասիայի և Աֆրիկայի երկրների համերաշխության հայկական կոմիտեի նախագահ: Զբաղվել է Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական խնդիրների, կապիտալիզմի զարգացման առանձնահատկությունների ուսումնասիրությամբ: Հեղինակել է Թուրքիայի պատմության նոր շրջանին վերաբերող աշխատություններ։ «Օսմանյան կայսրության բուրժուազիան» (1977թ., ռուսերեն) մենագրության մեջ վերլուծել է Օսմանյան կայսրության բազմազգ բուրժուազիայի զարգացման ուղիները, ցույց տվել այդ ընթացքի առանձնահատկությունները, նշել, որ այլազգի, ոչ թուրք բուրժուազիան (հատկապես հայ, հույն և այլն) նշանակալի տեսակարար կշիռ է ունեցել երկրի տնտեսության զարգացման մեջ, իր քաղաքական դիրքորոշմամբ եղել պակաս պահպանողական, քան թուրք բուրժուազիան։ Ձևավորվող թուրք ազգային բուրժուազիան հակամարտության մեջ է մտել այլազգի բուրժուական խմբերի հետ և, ի վիճակի չլինելով դուրս մղել նրանց տնտեսական մրցակցությամբ, հաճախակի զավթել է այդ ազգերի, առաջինը հայ բուրժուազիայի, հարստությունը, արգելել և խոչընդոտել նրա գործունեությունը՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացումը։ «Օսմանյան կայսրության անկումը» (1984թ.) աշխատության մեջ արծարծել է 20-րդ դարի սկզբի Օսմանյան կայսրության քայքայման և անկման սոցիալ-տնտեսական պատճառները, ցույց տվել, որ 1908թ. երիտթուրքական հեղաշրջումը չկասեցրեց քայքայման ընթացքը և կայսրության փլուզումը, քանի որ երկրում չէին անցկացվել սոցիալ-տնտեսական քիչ թե շատ շոշափելի վերափոխություններ։ Երիտթուրքերը, շարունակելով ոչ թուրք, բուրժուազիային տնտեսությունից դուրս մղելու քաղաքականությունը, այն հասցրին ընդհուպ մինչև քրիստոնյա բնակչության, հատկապես հայերի, զանգվածային ոչնչացման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար