ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՂԲԱՇՅԱՆ

Բառարանագիր, պատմաբան

7 օգոստոս, 1866 - 28 օգոստոս, 1939

Ծնվել է ՀՀ Ղալաչա (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան) գյուղում: 1881-87թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա՝ Մյունխենի, Թյուբինգենի և Բեռլինի համալսարաններում։ 1893թ. ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նրա «Լիակատար բառարան ռուսերենից հայերեն» (պրակ 1-3, 1902-06թթ, 125000 բառ) և «Լիակատար բառարան հայերենից ռուսերեն» (1911թ., 70000 բառ և 20000 ոճ ու դարձվածք) ռուսերենին առնչված առաջին բառարաններն են՝ կազմված գիտական բարձր մակարդակով և ժամանակի լեզվաբանական ու բառարանագրական պահանջներին համապատասխան։ Դրանք ընդգրկում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսերենի և հայերենի գրական-գեղարվեստական ու խոսակցական լեզուների բառապաշարը, մասնագիտական տերմինները, ժողովրդական կենցաղին վերաբերող բառերը, հարուստ դարձվածաբանությունը, առածներն ու ասացվածքները։ Թարգմանական համարժեքներից բացի հաճախ տրվում են բառի ծագումը, մասնագիտական բացատրություններ և հանրագիտական տեղեկություններ։ Բառարանները կազմված են բնային համակարգով։ Նրա գրչին են պատկանում «Փ.Բուզանդացի և յուր պատմության խարդախողը» (1898թ.), «Արևելահայ աշխարհաբարի քերականությունը» (1913թ.) և այլ աշխատություններ։ Կազմել է նաև ռուսերենի դասագրքեր հայկական դպրոցների համար և հանրագիտական բառարան, որը մնացել է անավարտ։ Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):