ՍՈՒՐԵՆ ԵՐԵՄՅԱՆ

Պատմաբան, հայագետ

10 օգոստոս, 1908 - 17 դեկտեմբեր, 1992

Ծնվել է Թիֆլիսում: 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմա-տնտեսագիտական ֆակուլտետը։ 1935-41թթ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում։ 1941թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժնի նյութական մշակույթի պատմության ինստիտուտում։ 1953-58թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենը, 1971թ-ից՝ նույն ինստիտուտի հին պատմության բաժնի վարիչը։ Անդամակցել է «Вестник древней истории» և «ՊԲՏ» պարբերականների խմբագրական կոլեգիաներին, ՀԱՀ գլխավոր խմբագրության։ Արժեքավոր են նրա ուսումնասիրությունները հայ ժողովրդի կազմավորման վերաբերյալ («Հայ ժողովրդի պատմություն», հ.1, 1971թ.)։ 1939թ. առաջադրել և հետագայում հիմնավորել է ստրկատիրական կացութաձևի գոյությունը հին Հայաստանում։ Նորովի լուսաբանել է Հայաստանի պատմությունը հին քաղաքակրթությունների ու պետական կազմավորումների ոլորտում, քաղաքների դերը հելլենիստական դարաշրջանում, առևտրի ու տարանցիկ ճանապարհների նշանակությունը։ Անդրադարձել է ավատատիրական Հայաստանի պատմության պարբերացմանը, Արշակունիների ու Բագրատունիների դարաշրջանների քաղաքական ու սոցիալական պատմության խնդիրներին, առանձին ուսումնասիրություն նվիրել 11-13-րդ դարերի Հայաստանում իշխանական նոր տների պատմությանը (Լիպարիտյաններ, Զաքարյաններ, Մահկանաբերդի Արծրունիեեր)։ Հետազոտել է մարզպանական շրջանի Քարթլիի (Վիրքի) և Աղվանքի ավատատիրական կազմավորումները (1935թ.)։ Զբաղվել է Կովկասի լեռնականների բնակության ճշգրտումներով (1970թ.), Հայաստանի, Կովկասի ու Առաջավոր Ասիայի պատմական աշխարհագրության հարցերով։ Նրա ատլասները ն պատմական քարտեզները արժանացել են համընդհանուր ճանաչման։ Ուսումնասիրել է «Աշխարհացոյց»-ը՝ բացահայտելով երկի ստեղծման ժամանակը, բնույթը՝ քարտեզների ուղեցույց-տեքստ լինելը։ Նրա գործուն մասնակցությամբ են հրատարակվել «ԽՍՀՄ պատմության ուրվագծեր» (ռուսերեն), «ԽՍՀՄ պատմության ատլաս» (ռուսերեն), «ԽՍՀՄ պատմություն» (ռուսերեն, 12հ.), «Հայ ժողովրդի պատմություն» (8հ.) բազմահատորյակները, բազմաթիվ պարբերականներ ու ատլասներ։ 1953թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1955թ-ից՝ պրոֆեսոր): 1954թ-ից եղել է ՀՀ ԳԱ թղթակից-անդամ, 1963թ-ից՝ ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1985թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար