ԿԱՐԱՊԵՏ ԲԱՍՄԱՋՅԱՆ

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

7 օգոստոս, 1864 - 17 մայիս, 1942

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Բանկալթիի Սբ. Հակոբի դպրոցում: 1880թ. ընդունվել է Կ.Պոլսի բժշկական վարժարան, հետևել դեղագործության։ Ավարտելուց հետո մեկնել է Փարիզ և ավարտել տեղի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Միաժամանակ զբաղվել է արևելյան ժողովուրդների լեզուների, պատմության և բանասիրության ուսումնասիրությամբ։ Ճամփորդել է Արևելքի երկրներում և ուսումնասիրել այդ երկրների ժողովուրդների լեզուներն ու սովորությունները։ Վերադառնալով Կ.Պոլիս՝ ցանկացել է հաստատվել այնտեղ։ Կ.Պոլսում քաղաքական շարժառիթով ձերբակալվել է և բանտարկվել։ Որոշ ժամանակ անց ազատ է արձակվել և տեղափոխվել Փարիզ, որտեղ էլ վերջնականապես հաստատվել է։ 1890-ականների սկզբներից վերջնականապես նվիրվել է բանասիրական աշխատանքի։ Այնուհետև մինչև խոր ծերություն զբաղվել է հայ ժողովրդի պատմությամբ, գրելով հիսունից ավել աշխատություն հայերեն, ֆրանսերեն և անգլերեն։ 1893թ. լույս է տեսել նրա առաջին գիտական աշխատությունը նվիրված ասուրա-բաբելական բևեռագիր արձանագրությունների վերծանմանը։ Դրան հաջորդել է նոր հետազոտություններ, բոլորն էլ նվիրված բևեռագիր արձանագրություններին։ Նույն տարիներից աշխատակցել է հայագիտական հանդեսներին («Բազմավեպ», «Բյուրակն», «Անահիտ» և այլն)։ 1899թ. Փարիզում հիմնադրել է «Բանասեր» հնագիտական և պատմական հանդեսը, որը շարունակվել է մինչև 1908թ.։ «Բանասերի» էջերում տպագրվել են նրա և այլ պատմաբանների արևելագիտական, հատկապես հայագիտական հետազոտությունները։ 1901թ. հայերեն և ֆրանսերեն աշխատություններ է գրել Զվարթնոցի ճարտարապետական ոճի առանձնահատկությունների և Զվարթնոցում հայտնաբերած բևեռագիր արձանագրությունների մասին։ 1899-1907թթ Փարիզում հրատարակել է «Բանասէր» պատմագիտական, հնախոսական և գրականագիտական հանդեսը, որի էջերում հայ բժշկության ու Հայաստանի պատմության վերաբերյալ հոդվածներ է տպագրել։ Ուսումնասիրել է Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպէտը» և կատարել նրա գլուխների լատիներեն և ֆրանսերեն թարգմանությունները։ Այնուհետև Կ.Պոլսում, Փարիզում, Վենետիկում, Վիեննայում և այլ քաղաքներում հրատարակել է նոր գրքեր։ Նկատելի աշխատանք է տարել հայ հին մատենագրության բնագրերի գիտական հրատարակության բնագավառում։ 1927թ. Վիեննայում լույս է ընծայել Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպետ» բժշկական արժեքավոր աշխատությունը։ Բժշկական, պատմական թեմաներով զեկուցումներ է կարդացել Փարիզի հայկական բժշկական և Ֆրանսիայի բժշկական ընկերությունների նիստերում։ Զգալի աշխատանք է կատարել Հայաստանի պատմության տարբեր հարցերի ուսումնասիրությունների ուղղությամբ, առաջին անգամ տվել է հայ դրամագիտության պատմության ուրվագիծը։ Լուսինյանի հեղինակակցությամբ հրատարակել է «Առձեռն բառարան հայերեն աշխարհիկ լեզվե ֆրանսերեն» (1915թ.), որն ընդգրկում է շուրջ 42000 բառահոդված։ Եղել է ֆրանսիական բժշկապատմական ընկերության ցմահ անդամ, պարգևատրվել հանրային կրթության գործչի ոսկե պատվանշանով։ Մահացել է Փարիզ: