ՆԻՆԱ ԳԱՐՍՈՅԱՆ

Պատմաբան, արևելագետ

Ծնվել է 1923թ. ապրիլի 11-ին, Փարիզում՝ Ռուսաստանից արտագաղթած հայ ընտանիքում: 1933թ. ընտանիքի հետ բնակություն է հաստատել Նյու Յորքում։ 1939թ. ընդունվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գործող կանանց Բրին Մոր քոլեջը, որն ավարտել է 1943թ.՝ անտիկ հնէաբանի բակալավրի աստիճանով։ 1946թ. Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանում ստացել է մագիստրոսի, իսկ 1958թ.՝ դոկտորի աստիճան՝ Բյուզանդիայի, Մերձավոր Արևելքի և Հայաստանի պատմության գծով: Երկար տարիներ վարել է Կոլումբիայի համալսարանի հայագիտության և Բյուզանդիայի պատմության ամբիոնը։ Պաշտոնավարել է նաև որպես Փրինսթոնի համալսարանի Բարձրագույն դպրոցի դեկան, այսպիսով դառնալով առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։ Երկու անգամ ընտրվել է Ֆորդի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Եղել է Սմիթ քոլեջի պրոֆեսոր, ինչպես նաև Կոլումբիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Ամերիկյան միջնադարագետների ակադեմիայի իսկական և Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ, Փարիզում լույս տեսնող հայագիտական «Revue des études arméniennes» հանդեսի գլխավոր խմբագիրը։ Աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, հայկական եկեղեցու պատմությանը, աղբյուրագիտությանը և մշակույթին, հայ-բյուզանդական, հայ-պարսկական, պարսկա-բյուզանդական հարաբերություններին, հայ ազգային ինքնագիտակցության ձևավորման հարցերին, Պավլիկյան շարժմանը: Անգլերեն է թարգմանել Փավստոս Բուզանդի «Պատմութիւն հայոց», Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» և Հակոբ Մանանդյանի «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին...» և այլ հեղինակների աշխատությունները։ Դասախոսություններով հանդես է եկել մի շարք երկրներում և Հայաստանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար