ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԳԵՐՅԱՆ

Լեզվաբան, բառարանագիր, թարգմանիչ

11 հունիս, 1774 - 24 նոյեմբեր, 1854

Ծնվել է Անկյուրայում (այժմ՝ Անկարա, Թուրքիա)։ Եղել է լեզվաբան, բառարանագիր Մկրտիչ Ավգերյանի եղբայրը: 1786թ. գնացել է Վենետիկի Սբ. Ղազար կղզի, գրեթե ամբողջ կյանքն անցկացրել այնտեղ: 1792թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Եղել է Ջորջ Բայրոնի հայերեն լեզվի ուսուցիչը։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, եբրայերենին, իտալերենին, ֆրանսերենին, անգլերենին, հունգարերենին, գերմաներենին և թուրքերենին։ Նրա լեզվագիտական կարողությունները լիարժեք կերպով դրսևորվել են բառարանագրության բնագավառում։ Կազմել է ֆրանսերեն-հայերեն («Բառարան համառօտ ի գաղղիականէ ի հայ», 1812թ.), հայերեն-ֆրանսերեն-թուրքերեն («Բառգիրք ի գաղղիականէ ի հայ և ի տաճիկ բարբառս», 1840թ.), անգլերեն-հայերեն («Բառարան անգղիերէն և հայերէն», 1821թ.), հայերեն-անգլերեն («Բառարան հայերէն և անգղիական», 1825թ.) բառարանները, ձգտել հայերին հաղորդակից դարձնել Եվրոպայում գիտության նվաճումներին, օտարներին սովորեցնել հայերեն։ Լեզվաբանական տեսակետից նրա ամենաարժեքավոր գործը «Բացատրութիւն չափուց և կշռոց նախնեաց, առաջնորդութեամբ Եպիփանու, Խորենացւոյ և Շիրակացւոյ» (1821թ.) աշխատությունն է, ուր ամփոփելով Եպիփանես Կիպրացու (4-րդ դար), Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու աշխատանքները, պարզել է, որ Շիրակացին օգտվել է առաջին երկուսից, տվել է նախնիների չափերի ու կշիռների բացատրությունը։ Ժամանակի չափ ու կշռի միավորների ֆրանսերեն անվանումները տրված են հայերեն, իսկ հայերենները՝ թուրքերեն համարժեքներով։ Աշխատության մեջ ստուգաբանված են պարսկերենից, հունարենից և այլ լեզուներից փոխառված 124 բառ։ Ջորջ Բայրոնի հետ կազմել և հրատարակել է անգլերեն-հայերեն (1817թ.), հայերեն-անգլերեն (1819թ.) քերականության ձեռնարկներ։ Հայտնի է եղել նաև որպես հմուտ թարգմանիչ: Առաջին անգամ հայերենի (գրաբար) է թարգմանել Ջ.Սիլտոնի «Դրախտ կորուսեալ»-ը (1824թ.), իտալերեն՝ Ներսես Լամբրոնացու «Ատենաբանութիւն»-ը (1812թ.), Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը (1823թ.) և այլն։ Ձեռագիր վիճակում թողել է գերմաներեն-հայերեն և հունարեն-հայերեն բառարաններ։ Մահացել է Վենետիկում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար