ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1972թ. հուլիսի 5-ին, Երևանում: Նախնական երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգչախմբային ընկերությունում: 1990-99թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում, այնուհետև՝ ասպիրանտուրայում՝ Գոհար Գասպարյանի դասարանում: 1998թ. մենահամերգից հետո հրավեր է ստացել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունից՝ հանդես գալու Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում Փառանձեմի դերերգով: Նույն թվականից հանդիսանում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի: Մասնակցել է մի շարք օպերային ներկայացումների պրեմիերաներին`  Տ.Չուխաճյանի «Արշակ Բ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Ջ.Վերդիի «Աիդա», «Տրավիատա», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» և այլն: Հանդես է եկել հետևյալ օպերային դերերգերով` Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» (Փառանձեմ), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Ալմաստ), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամներիս), «Տրուբադուր» (Ազուչենա), Վ.Բելինիի «Նորմա» (Ադալջիզա), Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Սանտուցցա) և այլ: Նրա երգացանկը ընդգրկում է բազմաթիվ համերգային ստեղծագործություններ (Վ.Մոցարտի «Ռեքվիեմ», Ջ.Վերդիի «Ռեքվիեմ», Դվորժակի «Ռեքվիեմ», Պերգոլեզիի «Stabat Mater», Ռոսսինիի «Stabat Mater», Յ.Բախի «Մատթեոսի չարչարանքները»): Մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների և ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիբանանում, Հունաստանում: Ընդգրկված է եղել պետական նշանակության համերգային բազմաթիվ ծրագրերում: 2013թ. ԱՊՀ երկրների նախագահների գագաթնաժողովի շրջանակներում Աստանայում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը: Հայոց ցեղասպանության (1915թ.) 100-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումների  «Հիշում եմ և պահանջում» խորագրի շրջանակներում մասնակցել է մի շարք գալա-համերգների՝ Սանկտ Պետերբուրգի Դ.Շոստակովիչի անվան մեծ ֆիլհարմոնիայի դահլիճում, Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովյան դահլիճում, երևանյան «Սպիվակովը հրավիրում է...» խորագրով փառատոն: Որպես մեներգչուհի բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, պետական երիտասարդական, պետական կամերային «Սերենադ»,  պետական կամերային նվագախմբերի հետ: Ելույթներ է ունեցել այնպիսի հանրահայտ դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Սպիվակովը, Կոնստանտին Օրբելյանը, Լիոր Շամբադալը, Բայրոն Ֆիդետցիսը, Յուրի Կոչնևը, Յարեմա Սկիբինսկին, Օհան Դուրյանը, Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը, Վահան Մարտիրոսյանը, Սերգեյ Սմբատյանը: 2002թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար