ԽՈՐԵՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅԱՆ

Քանդակագործ

2 ապրիլ, 1909 - 17 փետրվար, 1991

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Աշոտավան գյուղում: 1921թ. հաստատվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Վուսթր քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ, նաև Վուսթրի արվեստի թանգարանին կից գեղարվեստի դպրոցներում: 1930թ. մեկնել է Ջամայկա, և մի քանի տարի բնակվել է այնտեղ: Արևադարձային պերճաշուք գունագեղությունը որոշիչ է դարձել նրա արվեստի ձևավորման հարցում: Ստեղծագործել է ոչ միայն քանդակագործության, այլ նաև գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզներում: Նրա ստեղծագործության ողջ հյուսվածքի միջով անցնող առանցքային թեմաներ կան՝ ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ: Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ (ԱՄՆ, Ջամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա): 1929թ-ից մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համատեղ ցուցահանդեսներին (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների: Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է արվեստի քննադատների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում: Առաջին անգամ Հայաստան է այցելել 1970թ., Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով: 1971թ. Երևանում ներկայացել է անհատական ցուցահանդեսով, որը բացվել է Երևանի նկարչի տանը: Ստեղծագործությունները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, մոնումենտալ աշխատանքները տեղադրված են ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում. «Փոքր Մհեր», «Գյուտարար» (Ֆիլադելֆիա), նաև Հայաստանում. «Վերածնված Հայաստան» (Երևան): Լավագույն գործերից են՝ «Ցեղասպանություն», «Լեդան և կարապը», «Լեռների մայրը», «Պտղաբերություն», «Ծովային թռչունը և ձուկը»: Քանդակագործի ստեղծագործությունը շատ ինքնատիպ է և անհատական: Այդ անհատականությունը բխում է նրա արվեստի ազգային էությունից, ինչը չի խանգարում այն բնորոշել որպես համամարդակային նշանակություն ունեցող արվեստ: Իր շատ ձեռնարկումներում նա ուղղորդվել է համաշխարհային ժառանգության ավանդույթներով և լավագույն աշխատանքները այդ ժառանգության ժամանակակից հայացքով ընկալման արդյունքն է: Ըմբռնելով հայ քանդակագործության ընդհանուր ոճը, փորձել է ստեղծագործել նոր ժամանակների գաղափարական համատեքստում: 1983թ. իր գործերը տեղափոխել է Հայաստան (90 քանդակ, 160 գրաֆիկական աշխատանք, 17 գեղանկար): Նրա անհատական ցուցահանդեսը բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում: Այս բոլոր գործերը նվիրել է ՀԱՊ-ին, իսկ 1994թ. Էջմիածնի մասնաճյուղում բացվել է նրա ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Մահացել է Նյու Յորքում, դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով: