ԷԴՈՒԱՐԴ ԲՈՅԱՋՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ

9 ապրիլ, 1915 - 13 հոկտեմբեր, 1966

Ծնվել է Օսմանյան կայսրության Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայաբնակ Խդրբեկ գյուղում: 1915թ. Մուսալեռյան ապստամբության օրերին եղել է երեք ամսական երեխա: Ծնողների ու հայրենակիցների հետ գաղթել է Եգիպտոսի Պորտ Սաիդ: 1918թ. վերադարձել է ծննդավայր: Ուսման առաջին շրջանն անցկացրել է նախ Խդրբեկ, այնուհետև Յողունօլուկ գյուղերի վարժարաններում: 1930թ. ընդունվել է Բեյրութի Հայկական ճեմարան, որն էլ 1935թ. ավարտել է: Գրել սկսել է փոքր տարիքից, իսկ տպագրվել՝ 1932թ-ից: Աշխատակցել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրին, Փարիզի «Յառաջ»-ին, Բեյրութի «Ազդակ» օրաթերթին և շաբաթաթերթին, «Նայիրի» ամսագրին և Բեյրութի նույնանուն շաբաթաթերթին. նաև «Հասկ»-ին, «Ակօս»-ին, «Ազդարար»-ին և «Բագին»-ին: Գործածած ծածկանուններից էին Ալպաթրոս, Վազգէն Տիրանեան, Ե.Սարենց և Ե.Ծովիկեան: Կյանքի ընթացքում լույս են ընծայվել նրա աշխատանքների 6 հատորներ՝ «Սէր և Վիշտ» (1944թ.), «Հողը» (1948թ.), «Պայքարողներ, պայքարողներ դուք գազազած» (1958թ.), «Թուղթ զաւակներուս» (1961թ.), «Տոմար տարագրի» (1963թ.) և «Երկու նամակ» (1964թ.): Իսկ hետմահու իր գործերից լույս են տեսել «Դէմքեր» (1967թ.), «Երկեր» (Ա. հատոր, 1968թ.), «Ծննդավայր կորուսեալ» (1984թ.), «Ընտրանի» (1994թ., Երևան), «Կեանքի ափերէն» (1995թ.), «Դուն» (2005թ., Երևան) և «Միտք պահէ» գրքերը: Գրողի ողջ գրականությունը՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, քննադատական, հրապարակախոսական էջեր և այլն, իր խորքում սևեռումն է հայրենիքից տեղահան եղած տարագիր հայի տառապանքների, հույզերի ու տվայտանքների, հույսերի ու հուսախաբությունների, առտնին հոգսերի և բարձր գաղափարների ու մանավանդ նրա հայրենաբաղձության մասին մի ամբողջական պատմության: Այն հեղինակներից է, որոնց երկերում յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր տող շնչում է հայրենի հողի սիրով, նվիրվածությամբ և անպարագիծ կարոտով: Գրողի ստեղծագործության ընդհանուր կառույցում լավագույնը նրա արձակ էջերն են՝ պատմվածքները, սակայն նրա բանաստեղծությունները ևս հետաքրքրական են և արժանի ամենայն ուշադրության: Նրա քնարական ստեղծագործությունները ամփոփված են «Սէր եւ վիշտ», «Պայքարողնե՜ր, պայքարողնե՜ր դուք գազազած» և «Ծննդավայր կորուսյալ» ժողովածուներում: Եթե առաջին ժողովածուն ճաշակավոր բանաստեղծությունների մի փունջ է, ապա երկրորդը զուտ հեղինակի բարոյական պատկերացումների տեսանկյունից կուսակցապաշտության, ազգային շահերի դեմ գնացողների քննադատությունն է, իր անհանդուրժողականությունը համազգային շահի մեջ անձնականը փնտրողների նկատմամբ, ըստ էության մի հռետորական-հրապարակախոսական պոռթկում՝ բանաստեղծական ձևի մեջ ամփոփված, իսկ երրորդը տարբեր տարիներին գրված ձոն-հիշողություններն են իր հայրենի եզերքի մասին: «Սէր եւ վիշտը», որ նրա առաջին ժողովածուն է, առանձնանում է նուրբ բանաստեղծականությամբ, իրականության, մարդկային հարաբերությունների մասին փիլիսոփայական ինքնատիպ վերաբերմունքով, գեղարվեստական պատկեր ստեղծելու միայն իրեն բնորոշ արվեստով: Քնարական մի ուրույն շարք է «Ծննդավայր կորուսեալ» ժողովածուն: Ի տարբերություն «Սէր եւ վիշտ» հատորի այն տարբեր պարբերականներում լույս տեսած բանաստեղծությունների թեմատիկ սկզբունքով ի մի բերումն է մեկ ժողովածուի մեջ, որ լույս է տեսել բանաստեղծի մահից հետո: Այս շարքը գրողի սևեռումների՝ նրա ծննդավայրի նկատմամբ կարոտախտի ու հիշողությունների, բանաստեղծականացումն է: Բանաստեղծություններում առանձին-առանձին տրվում է Ճէպէլ-Մուսայի՝ Մուսա լեռան և նրա շրջակա գյուղերի (Բիթիաս, Հաբիբլի, Յողունօլուկ, Խդրբեկ, Վաքըֆ, Քեբուսիե) գեղարվեստական պատկերը՝ բնությամբ, մարդկանցով, կեցությամբ, տարագրությամբ, հերոսամարտի դրվագներով և կորստի անդառնալի կսկիծով: Այս նույն զգացողությունները առկա են նաև գրողի արձակում, սակայն «Ծննդավայր կորուսեալում» առավել ևս խտացված և հուզական շեշտով է ներկայանում կորուսյալ հայրենիքի աշխարհագրական ամբողջականությունը: Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար