
Զաքարիա Շեհրիմանյան
Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Կղեմենս Խոդիկևիչ
Պատմաբան

Սոնգոտ Քրիշտոֆ
Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան
Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա
Դաշնակահար

Անուշավան Վարդանյան
Դրամատուրգ

Մարիետա Շահինյան
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան
Հնագետ, պատմաբան

Կոնստանտին Օհանջանյան
Ճարտարապետ

Մարգարիտ Սողոմոնյան
Ճարտարապետ

Ռաֆայել Համբարյան
Արձակագիր

Լուսիա Աբրահամյան
Դերասանուհի

Մհեր Խաչատրյան
Հաղորդավար, դերասան
ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱ

18 փետրվար, 1853 - 27 մարտ, 1902
Խաչատուր Կարա-Մուրզա
Ծնվել է Կարասուբազարում (այժմ՝ Ղրիմի Բելոգորսկ գյուղ): Ութ տարեկանից դաշնամուր և ֆլեյտա նվագել է սովորել, ապա ուսումնասիրել երաժշտության տեսություն: Երիտասարդ տարիներից կազմակերպել է սիրողական դրամատիկական ու երաժշտական խմբեր: 1882թ-ից ապրել է Թիֆլիսում և Բաքվում: 1885թ. մարտի 15-ին Թիֆլիսի Գրիգոր Արծրունու թատրոնում փոքրակազմ արական խմբով տվել է հայկական առաջին երգչախմբային համերգը (կատարվել են բազմաձայն հայրենասիրական երգեր), որը վեր է ածվել ազգային տոնի: Այնուհետև Կովկասի և Հարավային Ռուսաստանի հայաբնակ գրեթե բոլոր կենտրոններում ստեղծել է սկզբում միասեռ, ապա նաև խառը ժողովրդական երգչախմբեր (90-ից ավելի): Հավաքել է ժողովրդական երգեր՝ իր համերգներում հետզհետե լայն տեղ տալով դրանց քառաձայն մշակումներին: 1887թ. գարնանը Բաքվում կատարել է իր բազմաձայնած Պատարագը, ամռանը մեկնել Կ.Պոլիս, հավաքել ժողովրդական նոր երգեր: 1890թ., Բաքվում, Թաղիեի թատրոնում, ղեկավարել է Գունոյի «Ֆաուստ»-ից հատվածների հայերեն բեմականացումը: 1892-93թթ աշխատել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894թ.՝ Շուշիում (Հովհաննես Աբելյանի հետ), 1895թ. Բաքվում երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ ներկայացրել է Խ.Գալֆայանի «Արշակ Բ» դրաման: Թիֆլիսում կազմակերպել է խմբավարների դասընթաց, եղել է «Մշակ»-ի երաժշտական թղթակիցը, աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, իր հոդվածներում լուսաբանել Թիֆլիսի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի երաժշտական-արտիստական կյանքը և գեղագիտական զանազան խնդիրներ: Իր համերգներով ստեղծել է գեղագիտորեն զարգացած ժողովրդական նոր լսարան: Նրա երգչախմբերում առաջ քաշվել, հետագայում մասնագիտացել ու նշանավոր երգիչներ են դարձել Ներսես Շահլամյանը, Բեգլար Ամիրջանյանը, Մակար Վարդիկյանը, Ծովակը, նրան աշակերտել են Ազատ Մանուկյանը, Ստեփան Դեմուրյանը և ուրիշներ: Գրել է հայ բանաստեղծների խոսքերով երգեր, նվագարանային պիեսներ, դրամատիկական ներկայացման երաժշտություն, հայրենասիրական բովանդակությամբ «Շուշան» (ըստ Ատրպետի) անավարտ օպերան: Նշանակալից են առանց նվագակցության խմբերգերը (շուրջ 300): Հրատարակվել է գյուղական ժողովրդական, քաղաքային («Ծիծեռնակ», «Դու զով խնդրես», «Անցար սարեր» և այլն) և աշուղական («Անի քաղաք», «Այծյամ», «Ընկերը» և այլն) երգերի 25 մշակում (Կարա-Մուրզա, Խմբերգեր, 1978թ.): Ձգտելով առավել մատչելիության՝ դրանք բազմաձայնել է հոմոֆոն-ակորդային կերտվածքով՝ արտահայտչական առաջնային դերը թողնելով մեղեդիին: Ներդաշնակության մեջ գործադրելով ավանդական պարզագույն միջոցներ ու հնարներ, կիրառել է նաև կվինտային կամ միահնչյուն ակորդներ, բնական դոմինանտներ և նրանցով իրականացվող տոնայնական անցումներ, պարզ և կրկնակի ձայնառություն, որոնք ինքնատիպ երանգ են հաղորդել՝ մոտեցնելով այն ժողովրդական երաժշտության դիատոնիկ ոճին և դառնալով ազգային երաժշտության առանձնահատկությունները մարմնավորող ու կոմպոզիտորական անհատական գրելաձև մշակող տարրեր: Խմբերգերում ժողովրդական կերպարը յուրատեսակ զարգացված է նաև հակադրության սկզբունքով՝ երկու կամ ավելի երգեր մեկ ամբողջության մեջ միավորելու միջոցով («Ալագյագ» և «Քեզի մեռնիմ»,«Գացեք տեսեք», «Դե գնա, կիգամ» և «Խորոտիկ», «Զինչ ու զինչ» և «Զի մ վզի», «Լեպհո, լե, լե» և «Հոդալլո» և այլն): Վերջին շրջանում այդպիսի միացումները երկու երգչախմբով, «հարց ու պատասխանի» սկզբունքով կատարելուն միացրել է նաև ժողովրդական պարեր և ստեղծել ներկայիս ժողովրդական երգի ու պարի անսամբլների նախատիպը: Կոմպոզիտորը հայ երաժշտության մեջ բազմաձայնություն է ներդրել: Նրա խմբերգերը ազգային երաժշտական լեզվի մշակման և կոմպոզիտորական դպրոց հիմնելու գործում նշանակալից դեր են կատարել: Մահացել է Թիֆլիսում: