ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շեփորահար

16 դեկտեմբեր, 1915 - 15 հունվար, 2004

Ծնվել է Հայաստանի Շահրիար (այժմ՝ ՀՀ Արմավիր մարզի Նալբանդյան) գյուղում: Եղել է դաշնակահար, օպերային երգչուհի Մարիաննա Հարությունյանի ամուսինը: Միջնակարգ կրթությունն ստացել է Աշտարակում, ապա սովորել է Երևանի գյուղատնտեսական տեխնիկումում: Շեփոր նվագել սովորել է «Միացյալ ակումբի» նվագախմբում: 1933-38թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայում: 1938թ. Հայաստանի նորաստեղծ ջազ նվագախմբի դիրիժոր Ցոլակ Վարդազարյանի հրավերով, եղել է նվագախմբի առաջին շեփորահարը, իսկ 1940թ., Երևանի կոնսերվատորիայի տնօրեն Կոնստանտին Սարաջևի առաջարկությամբ, տեղափոխվել է Մոսկվայի կոնսերվատորիա` պրոֆեսոր Տաբակովի դասարան: 1947թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիան: 1947-50թթ աշխատել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբում, 1950թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես առաջին շեփորահար: Այդ տարիներից զուգահեռ սկսել է դասավանդել և Հայաստանում ստեղծել է փողային գործիքների կատարողական դպրոց: 1947-2004թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1960-67թթ զբաղեցրել է դեկանի, 1967-70թթ և 1973-85թթ՝ ուսումնագիտական գծով պրոռեկտորի, 1981-92թթ՝ ամբիոնի վարիչի պաշտոնները (1976թ-ից՝ պրոֆեսոր): 1970-73թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: Նրա ղեկավարման տարիներին բեմադրվել է 12 օպերային և բալետային նոր ներկայացում, վերաբեմադրվել` ութը, թատրոնը հյուրախաղերի է մեկնել, Երևան են հրավիրվել ԽՍՀՄ և արտասահմանյան լավագույն մենակատարներ: 1963թ. Լենինգրադում, 1980թ. Տալլինում եղել է համամիութենական մրցույթների ժյուրիի անդամ, 1985թ. Բաքվում՝ Անդրկովկասյան մրցույթի ժյուրիի նախագահը: Հեղինակել է «Շեփոր նվագելու դպրոց» վերնագրված դասագիրքը, կոմպոզիտորներ Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Մենդելսոնի, Պուլենկի, Կոմիտասի, Ա.Սպենդիարյանի և այլոց ստեղծագործությունների շեփորի համար շուրջ 70 փոխադրություններ: 1976թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար