ԼՈՒԻԶԱ ՊՈԶԱՊԱԼՅԱՆ

Օպերային երգչուհի

24 մարտ, 1936 - 6 մայիս, 1998

Անաիս Եղիայան

Ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Վաղ հասակից բնակվել է Բեյրութում, որտեղ սովորել է պետական կոնսերվատորիայում և երգել Բարսեղ Կանաչյանի «Գուսան» երգչախմբում: 1960թ. կատարելագործվել է Միլանում՝ Վիտորիո Ռուֆոյի մոտ: 1965-73թթ եղել է Համբուրգի օպերային թատրոնի մեներգչուհի: Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ում, Մոնրեալում, Լոնդոնում, Հռոմում, Փարիզում, Բրյուսելում, Բեռլինում, Մյունխենում, Ամստերդամում, Կոպենհագենում, Մոսկվայում, Երևանում (1965թ.) և այլուր: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Մոցարտի «Դոն Ժուան» (Դոննա Աննա), «Ֆիգարոյի ամուսնությունը» (Սյուզան), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Տրուբադուր» (Լեոնորա), «Ֆալստաֆ» (Ալիսիա), «Աիդա» (Աիդա), Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտ), Պուչչինիի «Բոհեմ» (Միմի), «Մանոն Լեսկո» (Մանոն), Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (Անտոնիա), Բիզեի «Կարմեն» (Միքայելա) և այլն: Կատարել է սոպրանոյի երգամասեր վոկալ-սիմֆոնիկ երկերում` Բախի Հ-Մոլլ մեսսա, Մոցարտի «Ռեքվիեմ», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիա, Բրամսի «Գերմանական ռեքվիեմ» և այլն: Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի` կատարելով Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Բարսեղ Կանաչյանի, Գուրգեն Ալեմշահի և այլոց ստեղծագործությունները: 1985թ-ից երգել է Մյունխենի օպերային թատրոնում: Բազմիցս դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր, որոնցից են՝ Եղիսաբեթ Մայր-թագուհու մրցանակը, Վերդիի անվան «Վերդիանա» 3-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը և այլն: 1969թ. արժանացել է Լիբանանի կառավարության «Լիբանանի Մայրիներ», 1971թ.՝ հայկական «Մեսրոպ Մաշտոց» շքանշանների: Մահացել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում: