Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

Ճարտարապետ, պետական գործիչ

1 փետրվար, 1868 - 10 հունվար, 1938

Հովհաննես Տեր-Հովհաննիսյան

Ծնվել է Ախալցխա քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի ռեալական դպրոցում: 1887-93թթ սովորել է Սանկ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում: 1895-1907թթ աշխատել է Բաքվում, Բաթումիում, Թիֆլիսում, եռանդուն մասնակցություն ունեցել ՀՅԴ կուսակցության գործունեությանը, որի հանձնարարությամբ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ ձերբակալվել է: Մինչև 1914թ. որպես վտարանդի ապրել է Փարիզում, Բելգիայում, Կ.Պոլսում, Վանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բնակվել է Ռուսաստանում, եղել Կովկասի քաղաքների միության հայկական խորհրդի անդամ, Հավլաբարի շրջանից ընտրվել Թիֆլիսի քաղաքային դումայի իրավասու, աշխատել Բաքվի նավթարդյունաբերողներին հազվագյուտ ապրանքներ բաշխողի պաշտոնում: 1917-18թթ եղել է Հայոց ազգային խորհրդի և Անդրկովկասյան սեյմի անդամ, մասնակցել Թուրքիայի հետ Տրապիզոնի և Բաթումի բանակցություններին, Գեգեչկորիի կառավարության կազմում զբաղեցրել հասարակական խնամակալության նախարարի, իսկ Չխենկելիի կաբինետում անպորտֆել նախարարի պաշտոն: 1918թ. մայիսի 28-ին Հայոց ագգային խորհուրդը նրան ընտրել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ: ՀՀ առաջին կառավարությունը նա գլխավորել է մինչև 1919թ. սկիզբը: Այնուհետև մեկնել է Եվրոպա և ԱՄՆ` Հայաստանի համար դաշնակից պետություններից օգնություն խնդրելու համար: 1919-20թթ մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսին: 1920թ. սեպտեմբերին վերադարձել է Երևան, ընտրվել ՀՀ պառլամենտի նախագահի տեղակալ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է և 1921թ. փետրվարյան ապստամբության ժամանակ ազատվել բանտից: 1921-24թթ գտնվել է վտարանդիության մեջ (Թեհրան, Բոմբեյ, Կահիրե, Կոստանդնուպոլիս, Բուխարեստ): 1923թ. օգոստոսին դուրս է եկել ՀՅԴ կուսակցությունից, 1924թ. դիմել է Խորհրդային Հայաստանի կառավարությանը հայրենիք վերադառնալու խնդրանքով: 1925թ. ընտրվել է ՀԽՍՀ պետպլանին կից տեխնիկական խորհրդի անդամ, մինչև 1927թ. հայբամբակկոմում աշխատել բաժնի վարիչ, պետպլանի տնտեսական խորհրդի շինտեխնիկական կոմիտեի նախագահի տեղակալ, 1932թ.` ՀԽՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի գիտատեխնիկական խորհրդի գիտնական քարտուղար: Այդ տարիներին նրա նախագծերով Երևանում և Սարդարապատում կառուցվել են գործարաններ, մի շարք բնակելի տներ, հյուրանոցներ և այլ հասարակական շինություններ: 1926-30թթ Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է «Շինարարական արվեստ» և «Ճարտարապետական նախագծում» առարկաները: 1930թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Որպես համահեղինակ Հրաչյա Աճառյանի, Հ.Զարգարյանի, Դ.Հակոբջանյանի հետ մասնակցել է շինարարական կառույցների ռուս-հայերեն տեխնիկական բառարանի կազմման աշխատանքներին: 1937թ. հուլիսի 29-ին ձերբակալվել է, որից հետո գնդակահարվել: Արդարացվել է 1955թ.: