ԱՐԹԻՆ ԳԱՎՈՒՔ

Լուսանկարիչ

25 դեկտեմբեր, 1915 - 7 մարտ, 1995

Հարություն Գավուքյան

Ծնվել է Կիլիկիայի Մերսին քաղաքում, երբ 1915թ. Հայոց Մեծ եղեռնից ընտանիքը գաղթում էր Կեսարիայից: Ընտանիքի հետ հասել է Ադանա, ապա` Երուսաղեմ, այնտեղից անցել Կիպրոս: 1923թ. հիմնավորվել է Կահիրեում, որտեղ հոր շնորհիվ դարձել է Եգիպտոսի արքունական լուսանկարիչը, սովորել նկարչություն, լուսանկարչություն: 1932թ. ավարտել է Կահիրեի Պերպերյան վարժարանը, աշակերտել է անվանի մանկավարժ և գեղագետ Շահան Պերպերյանին: Աշխատել է հոր լուսանկարչատուն-արվեստանոցում: 1938թ. Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը հայտնի է դարձել Եգիպտոսում: 1950-55թթ երկարատև ճանապարհորդություններ է կատարել Միջին Արևելքի և Եվրոպայի զանազան քաղաքներ: 1953թ. Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Գեվաերտ» ընկերությունում ուսումնասիրել է գունավոր լուսանկարչության արվեստը: Նույն թվականին Կահիրեում բացել է Մերձավոր Արևելքում առաջին գունավոր դիմանկարահանման լուսանկարչատունը: 1958թ-ից հաստատվել է Տորոնտոյում: Բացել է իր լուսանկարչական արվեստանոցը, սկսել է լուսանկարչորեն պատճենահանել կտավի վրա, ինչը մեծ հաջողություն է բերել նրան: Լուսանկարել է շատ նշանավոր անձանց` Շառլ դը Գոլ, Ինդիրա Գանդի, Լեոնիդ Բրեժնև, Զոլտան Կոդայ, Լյուդվիգ Էրհարտ, Պիեռ Էլիոթ Թրյուդո, Հարոլդ Մաք Միլան, աստղանավորդ Ջեյմս Լովըլ, հայազգի մեծերից` Վազգեն Առաջին Վեհափառ, Անաստաս Միկոյան, Արամ Խաչատրյան, Ալեք Մանուկյան, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Բաղրամյան, Շառլ Ազնավուր, Անտոն Քոչինյան, Լիլի Չուգասզյան և ուրիշներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեյում, Անտվերպենում, Նյու Յորքում, Տորոնտոյում, Օտտավայում, Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Բրոնտֆորդում, Փարիզում և այլուր: Մահացել է Կանադայի Տորոնտո քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար