Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՏԱԹԵՎԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ

Օպերային երգչուհի

20 օգոստոս, 1916 - 6 հոկտեմբեր, 1999

Ծնվել է ՀՀ Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ): Եղել է երաժշտագետ Հակոբ Խանջյանի կինը: Մանկությունն անցել է Բաքվում: 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար: 1929թ. տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում: 1933-ից հանդես է եկել կամերային համերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մասնակցել է Ռուբեն Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը: 1937թ. ավարտել է Մոսկվայի հայ մշակույթի տանը կից վոկալ-դրամատիկական ստուդիան՝  Սարգիս Բարխուդարյանի դասարանը: 1960թ. էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1937թ-ից եղել է Երևանի Ա.Ապենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: Նշանակալից դեր է խաղացել ազգային օպերային արվեստի զարգացման գործում: Եղել է Փառանձեմի (Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»), Ալմաստի (Ա.Սպենդիարյանի «Ալմաստ»), Աննայի (Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա») դերերգերի առաջին կատարողը: Հատուկ երգչուհու համար են գրվել Թամարի (Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Շուշանի (Ա.Բաբաևի «Արծվաբերդ»), Նազելիի (Հ.Ստեփանյանի «Հերոսուհին», ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951թ.), Բերբերոյի (Ա.Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում») դերերգերը: Նրա հնչեղ և արտահայտիչ ձայնը, երաժշտականությունը, կերպարանափոխման ձիրքը, բեմական վառ տաղանդը նրա մարմնավորած կերպարներին հաղորդել են դրամատիկական հնչողություն: Հանդես է եկել նաև հետևյալ օպերաներում՝ Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամներիս), Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» (Դալիլա), Ստրավինսկու «Էդիպ արքա» (Իոկաստա), Բորոդինի «Իշխան Իգոր» (Կոնչակովնա), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Լյուբաշա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օլգա), Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա» (Ուլյա Դրոմովա) և այլն: Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի: Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն: Եղել է Ա.Սաթյանի, Ա.Հարությունյանի, Է.Միրզոյանի, Ղ.Սարյանի, Ս.Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը: Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից: Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Բելգիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Թունիսում, Հունգարիայում, Ալժիրում, Չեխոսլովակիայում և այլուր: 1961թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1970թ-ից՝ պրոֆեսոր), 1972-77թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1977թ-ից եղել է Երևանի կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնի վարիչը: Եղել է համամիութենական և միջազգային մրցույթների ժյուրիների անդամ, ԽՍՀՄ 5-րդ գումարման Գերագույն սովետի պատգամավոր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1947թ. արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1997թ. պարգևատրվել ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Մահացել է Երևանում: