Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ

12 ապրիլ, 1864 - 26 ապրիլ, 1920

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է մանկավարժ, եկեղեցական գործիչ Մեսրոպ Փափազյանի որդին: 1868թ. տեղափոխվել է Ագուլիս, որտեղ և ստացել է նախնական կրթությունը։ 1875-78թթ սովորել է Թավրիզի Արամյան դպրոցում, 1878-79թթ՝ Թիֆլիսի Գևորգյան ճեմարանում։ 1894թ. ավարտել է Ժնևի համալսարանի գրականության և հասարակական գիտությունների բաժանմունքը։ 15 տարեկանից սկսել է աշխատել, եղել է սևագործ բանվոր, լուսանկարիչ, հեռագրիչ և այլն։ Երկար տարիներ ղասավանդել է տարբեր քաղաքների դպրոցներում (Վան, Կարին, Թիֆլիս, Թեհրան, Շուշի, Բուխարեստ, Բուրսա, Նուխի, Վաղարշապատ)։ Խմբագրել է հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի «Կռիվ» (1894թ., Թիֆլիս) անլեգալ թերթը, «Շավիղ» (1894-96թթ, Թեհրան) շաբաթաթերթը: 1911-12թթ եղել է «Ղարաբաղ» (Շուշի) շաբաթաթերթի փաստական խմբագիրը, հանդես եկել հայ, ռուս ու եվրոպական մամուլի բազմաթիվ օրգաններում։ Կարինում ուսուցչության տարիներին (1887-89թթ) կապեր է հաստատել տեղի ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակի հետ, ճանապարհորդել Արևմտյան Հայաստանում և 1889թ. հոդվածաշարով հանդես եկել «Մշակ»-ում («Նամակներ թուրքաց Հայաստանից»)։ 1889թ-ից մամուլում սկսել է տպագրվել նրա՝ արևմտահայության կյանքն արտացոլող պատմվածք-պատկերների շարքը, որն ավելի ուշ հրատարակվել է երկու գրքով («Պատկերներ թյուրքահայոց կյանքից», 1891թ., «Պատմվածքներ թուրքահայերի կյանքից», 1904թ.)։ Այդ գործերում թուրք-քրդական զարհուրանքները պատկերելուց բացի, գրողն ուշադրությունը կենտրոնացրել է ազգային կեղեքիչների վրա, ցույց տվել, որ նրանց հակաժողովրդական վարքագիծը օտարերկրյա լծից նվազ քստմնելի չէ։ Դատապարտել է ստրկամտությունն ու ստորացումը, պատկերել ցեղասպանների դեմ արևմտահայ աշխատավորների պայքարի ողբերգական դրվագներ, ստեղծել անվեհեր անհատների կերպարներ («Խերան», «Կայծակ», «Թեթև հաճույքներ», «Մեռնողները բարևում են ձեզ» և այլն)։ «Էմմա» (1895թ., հրտ.՝ 1901թ.) վեպում և «Հաջի բեկ» (1906թ., «Արշալույս», Թիֆլիս) վիպակում սուր քննադատության է ենթարկել ազգային որոշ կուսակցությունների կտրվածությունը ժողովրդական զանգվածներից, նրանց արկածախնդրությունները։ 1890-ական թվականների սկզբներից մեծապես լայնացել է գրողի ստեղծագործության թեմատիկան։ Ազգային կյանքի բազմատեսակ խնդիրներ արծարծելուց բացի, գրողը ուշադրությունը սևեռել է նաև «հանրամարդկային վշտերի» վրա՝ հարազատ ժողովրդի սոցիալական ու քաղաքական ծանր վիճակը դիտելով որպես համամարդկային մեծ անարդարությունների բաղկացուցիչ մաս։ Այս նոր մտայնությունն առավելագույն չափով մարմնավորվել է նրա այլաբանական զրույցներում, որոնցով գրողը նոր էջ է բացել հայ գրականության պատմության մեջ։ Նա ստեղծել է ավելի քան հիսուն զրույց, որոնցում յուրովի արտացոլված է ժամանակի հեղափոխական տրամադրությունների վերընթացը։ «Մարդագայլ» (1891թ.) զրույցում սոցիալիստական ուտոպիզմի դիրքերից պաշտպանել է մարդկանց աշխատանքային, նյութական և իրավական հավասարության գաղափարը։ Այդ ժանրի հետագա գործերում հեղինակը ցույց է տվել սեփականատիրական հոգեբանության հակամարդկային ուղղվածությունը («Լուր դա լուր», «Մուրճ», 1894թ.), դասակարգային հակամարտությունների շարժիչ ուժեր համարել տնտեսական անարդարությունը («Կլոր աստվածներ», «Տարազ», 1898թ.)։ 20-րդ դարասկզբին գրողի աշխարհայացքի վրա վճռական ազդեցություն են ունեցել ռուսական միջավայրը և ռուս հեղափոխական միտքը։ Նա հանգել է դասակարգային պայքարում բանվոր դասակարգի առաջնորդ դերի գիտակցմանը («Վիշապ», 1903թ., «Զոհակ», «Երկիր», 1906թ. և այլն), հրապարակախոսական հոդվածներում և գեղարվեստական գործերում («Անտառը շարժվում է», «Մուրճ», 1905թ., «Զարթնել է առյուծը», 1905թ., «Արշալույս», «Ծով», 1909թ., «Խարույկ», անտիպ, և այլն) պատկերում է բռնակալության դեմ ոտքի ելած ժողովրդական զանգվածների ուժն ու վճռականությունը, հաղթանակի հեռանկարը։ Դրանք հայ պրոլետարական գրականության լավագույն դրսևորումներից են։ Գրողը խոշոր դեր է կատարել հայ դրամատուրգիայի զարգացման գործում։ Նա գրել է ինը դրամա, որոնց մեջ պատմական ու արդիական նյութի հիմքի վրա առաջ է քաշել ազգային-ազատագրական և հեղափոխական խնդիրներ: Հեղինակել է «Արշալույս» (1905թ.), «Հոսանք» (1902թ., հրտ.՝ 1905թ.), «Ժայռ» (1907թ.), «Այծեմնիկ» (1915թ., հրտ.՝ 1959թ.), «Հայրենիքի համար» (1916թ., հրտ.՝ 1959թ.) և այլն։ Բազմաթիվ վեպեր, վիպակներ, պատմվածքներ ու զրույցներ է գրել տարբեր ժողովուրդների (ռուս, պարսիկ, թուրք, ադրբեջանցի, քուրդ, վրացի, արաբ, հրեա, չին և այլն) բանահյուսական, պատմական ու արդիական նյութի հիման վրա, մեծապես նպաստել հայ իրականության մեջ ինտերնացիոնալ մտայնության տարածմանը։ «Հայ բոշաներ» (1899թ.) ազգագրական ուսումնասիրության հավար 1900թ. ընտրվել է Մոսկվայի կայսերական ազգագրական ընկերության անդամ-աշխատակից։ Գրել է հայ, ռուս և համաշխարհային գրականությանը նվիրված գրաքննադատական հոդվածներ, մերկացրել գրական անկումայնությունը, պաշտպանել գեղարվեստական խոսքի ճշմարտացիության, ռեալիզմի, հեղափոխական միտվածության սկզբունքները։ Նա առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը («Պատմություն հայոց գրականության սկզբից մինչև մեր օրերը», 1910թ.)։ Եղել է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը։ Տիրապետել է 14 լեզվի, հայերեն է թարգմանել մի շարք գրողների երկեր (Սալտիկով-Շչեդրին, Լ.Տոլստոյ, Ա.Դոդե, Ն.Նարիմյանով, Էրկման-Շատրիան, Նիցշե, Գանչեմ Շուքրի, Շարլ Մերե և այլն), գրել է ընդհանուր քաղաքակրթության, արվեստների, գրական ուղղությունների պատմություններ, տրամաբանությանը, հայոց պատմության առանձին հատվածներին, լեզվաբանությանը, երաժշտությանը նվիրված աշխատություններ, բեմադրել իր դրամաներից մի քանիսը, գրել դրանց երաժշտությունը։ Նա հանրածանոթ «Զեյթունցիների մարշ»-ի տեքստի հեղինակն է։ Հեղափոխական գործունեության համար ամբողջ կյանքում հետապնդվել է ռուսական կառավարության կողմից, երեք անգամ դատապարտվել բանտարկության, հեռացվել աշխատանքից։ Եղել է գաղտնի հսկողության տակ, նրա որոշ երկեր հանվել են հրատարակությունից, ոչնչացվել, ձեռագրերն ու գրքերը՝ բռնագրավվել։ Թուրքական կառավարությունը նրա նկատմամբ հեռակա մահվան վճիռ է կայացրել։ Գրողն ստորագրել է նաև Ապրո, Բրիչ, Վարդգես, Վասպուրականցի, Թղթակից Բյուզանդիոնի, Կ., Կայծ, Փ., Վ.Փ., Վ.Գուրգենյան և այլ կեղծանուններով։ Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Վրթանես Փափազյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոց: