ՎԱՂԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Գեղանկարիչ

27 հունիս, 1924 - 21 սեպտեմբեր, 2004

Ծնվել է Նախիջևանում: 1926թ. տեղափոխվել է Երևան: Կրթությունը ստացել է Երևանի Էռնեստ Թելմանի անվան դպրոցում: Ավարտելով ութերորդ դասարանը` 1939-40թթ ուսումնական տարում ընդունվել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: 1941թ. ընդհատել է ուսումը` Խորհրդային բանակ զորակոչվելու պատճառով: Հայրենական պատերազմն ավարտվելուց և զորացրվելուց հետո շարունակել է ուսումը գեղարվեստի ուսումնարանում, որն ավարտել է 1947թ.: 1949-55թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչական բաժնում: 1953թ-ից մասնակցել է հանրապետական ցուցահանդեսների: 1956թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Հիմնականում ստեղծագործել է թեմատիկ նկարի, բնապատկերի, նատյուրմորտի և դիմանկարի ժանրերում: Նրա ստեղծագործության վաղ շրջանը կազմել են հարազատ քաղաքին նվիրված գործերը` նշմարելի փողոցները, նրբանցքները, կամուրջները, թեմատիկ նկարներն ու նատյուրմորտները: 1960-ական թվականներին հատուկ ուշադրություն է հատկացրել ժանրային գեղանկարչությանը և թեմատիկ նկարին: Գործերում հատուկ տեղ է գրավում սևամորթների, ճոպոնացիների, եթովպացիների, չեխերի, գերմանացիների դիմանկարների շարքը: 1967թ. անհատական ցուցահանդես է ունեցել Չեխոսլովակիայում, որից հետո պարգևատրվել է Չեխոսլովակիա-ԽՍՀՄ բարեկամության կոմիտեի «Պատվո նշանով»: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաև Երևանում (1974թ., 1976թ.), Մոսկվայում (1976թ.), ԱՄՆ-ում (1989թ.) և այլուր: Աշխատանքները ցուցադրվել են նաև Լեհաստանում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և մի շարք Աֆրիկյան երկրներում: Լավագույն աշխատանքներից են` «Խաղաղ բակ» (1956թ.), «Հայաստան», «Աշխատանք», «Խաղաղություն», «Երջանկություն» եռանկարը (1962թ.), «Առավոտ» (1964թ.), ֆիզիկոս Է.Բարսեղյանի դիմանկարը (1970թ.) և «Հորատանցքի առջև: Երևանյան մետրո»-ն (1978թ.): 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար