ՇԱՀԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Բեմանկարիչ

6 դեկտեմբեր, 1920 - 6 օգոստոս, 2007

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Փոքր հասակից ծնողների հետ տեղափոխվել է Եգիպտոս, այնտեղից` Հայաստան։ 1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1951թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (դիպլոմային աշխատանքը` Ռ.Գլիերի «Կարմիր կակաչ» բալետի ձևավորումը, իրականացվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում): 1945-53թթ ղեկավարել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նկարչական դեկորատիվ աշխատանքները: Այնուհետև աշխատել է հանրապետության տարբեր թատրոններում, իսկ 1956թ-ից եղել է Երևանի հեռուստատեսության ստուդիայի գլխավոր նկարիչը: Աշխատել է հիմնականում բեմանկարչության բնագավառում: Լավագույն աշխատանքներից են` Տ.Չուխաճյանի «Կարինե»-ի (1950թ., Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում), Ցու.Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա»-ի (1954թ.), Ջ.Վերդիի «Տրուբադուր»-ի (1957թ., երկուսն էլ` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում), Լ.Աբրահամյանի «Սայաթ-Նովա»-ի (1963թ., Լենինականի դրամատիկական թատրոնում), Մ.Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» (1958թ.), Վ.Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» (1965թ.), Ե.Օտյանի «Միջնորդ տեր պապան» (1970թ., երեքն էլ` Երևանի հեռուստատեսության ստուդիայում) և այլ բեմադրությունների ձևավորումները: Եղել է մի շարք արդյունաբերական, գյուղատնտեսական ցուցահանդեսների և հոբելյանական հանդեսների նկարչական հարդարումների հեղինակ: 1949թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Նրա նկարչական ձևավորումներից նմուշներ ցուցադրվել են Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում: 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար