ՎԱՂԱՐՇ ՎԱՂԱՐՇՅԱՆ

Դերասան, դրամատուրգ

2 փետրվար, 1894 - 6 մայիս, 1959

Վաղարշակ Տեր-Պետրոսյան

Ծնվել է Շուշիում: Նախնական կրթությունն ստացել է Շուշիի թեմական դպրոցում: 1913թ. ավարտել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանը: Նույն թվականին անդամակցել է Հովհաննես Թումանյանի հիմնադրած Հայ գրողների կովկասյան ընկերությանը: 1913-15թթ ծառայել է Բաքվի նավթահանքերի գրասենյակում: Թողնելով ծառայությունը` 1915թ. ընդունվել է Բաքվի դրամատիկ-օպերետային շրջիկ թատերախումբ: 1921թ. Կրասնոդարում աշխատել է որպես ՌԿ(բ)Կ Կուբան-Սևծովյան շրջանային կոմիտեին կից ազգային փոքրամասնությունների ենթաբաժնի կառավարիչ: Տեղի հայ բնակիչների և հայ գաղթականների համար կազմակերպել է դպրոցներ, մանկատներ, ժողովրդական համալսարան, հայկական թատերախմբեր: 1922թ. տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ հիմնադրել է Պ.Ադամյանի անվան հայկական թատրոնը և նորաստեղծ խմբի հետ շրջագայել հայաբնակ վայրերում: 1923թ-ից եղել է Երևանի Առաջին Պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան, 1941-44թթ` գեղարվեստական ղեկավարը: 1944թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1946թ-ից` պրոֆեսոր): 1955-59թթ եղել է Հայկական թատերական ընկերության (այժմ` Հայաստանի թատերական գործիչների միություն) նախագահը: Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), «Պատվի համար» (Սուրեն), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Ֆերդինանդ), Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (Կրեչինսկի), Դ.Մերեժկովսկու «Պավել 1-ին» (Պավել 1-ին), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Բելոգուբով), «Ամպրոպ» (Տիխոն), Ա.Աֆինոգենովի «Ահը» (Բորոդին), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Ա.Պուշկինի «Քարե հյուր» (Դոն Գուան), Լ.Ռախմանովի «Անհանգիստ ծերություն» (Պոլեժաև), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ» (Եգոր Բուլըչով), Դ.Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (Գագիկ թագավոր), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (Աշոտ Երկաթ), Վ.Վաղարշյանի «Օղակում» (Ասլան ամի), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Արբենին), Ա.Չեխովի «Բալի այգին» (Ֆիրս), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Պրոտասով), Գ.Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը» (Եզոպոս, վերջին դեր) և այլն: Եղել է թատրոնի առաջատար դերասաններից: Հանդես է եկել նաև որպես բեմադրիչ` Մ.Գորկու «Դոստիգաևը և ուրիշները», «Վասսա Ժելեզնովա» և այլն: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1941-45թթ) խաղացել է Համլետի դերը (Վ.Շեքսպիրի «Համլետ»): Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Խասփուշ» (1927թ.), «Լեռնային արշավ» (1939թ.), «Լեռնային հեղեղ» (1940թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Առաջին սիրո երգը» (1957թ.) և այլն: Գրել է նաև պիեսներ` «Փող և տաղանդ» (1912թ.), «Ղողանջ» (1918թ.), «Գագիկ 2-րդ» (1919թ.) «Սուլթան Աբդուլ Համիդ» (1920թ.), «Օղակում» (1930թ.), «Վանքաձոր» (1945թ.), «Մի օր Սալոնիկում» (1947թ.) և այլն: Լույս են տեսել նրա «Ընկերներս, բարեկամներս և ես» (1959թ.), «Երկերը» (1972թ., 1975թ.) և այլ գրքեր: Եղել է ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի և Հայաստանի 2-րդ, 3-րդ և 4-րդ գումարումների պատգամավոր, 1939թ-ից` ԽՍՀՄ գրողների միության անդամ: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով: 1938թ. արժանացել է Հայաստանի, 1954թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1941թ. և 1952թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: Վաղարշ Վաղարշյանի անունով կոչվել են փողոց Երևանում և Գորիսի պետական թատրոնը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար