ՆՈՐԱՅՐ ԺԱՄՀԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Ծնվել է 1949թ. մայիսի 22-ին, Երևանում: Շեփորահար Ռուբեն Ժամհարյանի որդին է: 15 տարեկան հասակից սովորել է շվի: Նվագել է Գուրգեն Հովումյանի ղեկավարած Պիոներների քաղաքային պալատի փողային նվագախմբում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկում և միանգամից հայտնվել տեխնիկումի ժողգործիքների անսամբլում: Նվագախմբի ղեկավար Կարլեն Միրզոյանի միջնորդությամբ տեղափոխվել է Հայհամերգի նորաստեղծ անսամբլ, որի կազմում շրջագայել է բազմաթիվ երկրներով, հասել մինչև Մավիրտանիա, Հնդկաստան ու Մադագասկար: Հավասարապես տիրապետում է մի քանի գործիքների` շվի, դուդուկ, զուռնա, բլուլ: 1981թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժին` Խաչատուր Ավետիսյանի դասարան, որտեղ էլ ավելի մանրամասն ուսումնասիրել է բլուլահարություն: Ուսումն ավարտելուց հետո, չի լքել բլուլը` դասավանդելով այդ գործիքի կատարողական արվեստը: Հետագայում ստեղծվել է Հայաստանի պետական ժողովրդական գործիքների անսամբլը, որտեղ դարձել է մենակատար: Շրջագայել է աշխարհի շուրջ 40 երկրներում, դարձել է համամիութենական երաժշտական մրցանակների եռակի դափնեկիր: 1986թ-ից ղեկավարել է Ժողովրդական ստեղծագործության գիտամեթոդական կենտրոնում բացված «Կռունկ» պարային անսամբլի երաժշտական մասը: Հեղինակել է այնպիսի երգեր, ինչպիսիք են` «50 տարիս», «Իմ հասակը», «Սերս ես պատմեցի», «Սերը կյանք է», «Գարուն է բացվել»: Գրել է բազմաթիվ երգեր Ֆլորա Մարտիրոսյանի, Սուսաննա Սաֆարյանի, Համլետ Գևորգյանի, Արման Հովհաննիսյանի և այլ երգիչների համար: 1979թ. ձայնագրվել է նաև «Ձորի Միրոն» գեղարվեստական ֆիլմում: 1999-2013թթ եղել է Հայաստանի Ազգային նվագարանների երաժշտական դպրոցի տնօրենը: Դասավանդում է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Արժանացել է մի շարք պատվոգրերի, պարգևների, 2016թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար