ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆ

Բանասեր, պատմաբան, թարգմանիչ

25 նոյեմբեր, 1815 - 13 դեկտեմբեր, 1890

Մկրտիչ Կարապետյան

Ծնվել է Նոր Ջուղայում (այժմ՝ Իրանի Սպահան քաղաքում): Սովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում: 1834թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1838թ.` Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բանասիրական բաժինը: 1838թ-ից եղել է Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցիչ, 1840թ-ից` նաև տեսուչ, 1848-55թթ` ճեմարանի լիցեյական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության պրոֆեսոր, 1866-69թթ` Վլադիմիրյան նահանգի դպրոցների վերատեսուչ, 1870թ.` Մոսկվայի 5-րդ գիմնազիայի տնօրենը, 1871-82թթ` Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, 1883-90թթ` նաև հայագիտական ամբիոնի վարիչը: Լույս է ընծայել «Քերականութիւն հայկական լեզուի» (1846թ.), «Ընտիր հատուածք քաղեալք ի գրոց նախնի եւ արդի մատենագրաց հայոց...» (1849թ.) դասագրքերը: «Վեպք հնոյն Հայաստանի» (1850թ.) ուսումնասիրությունը պատմաքննական գրական առաջին փորձերից է` նվիրված ազգային վիպասանությանն ու վիպական երկերին: Այդ հարցը խորացված է «Մովսես Խորենացի և հայոց հին վեպերը» (ռուսերեն` 1881թ., հայերեն` 1886թ.), «Մովսէս Խորենացի եւ հին հայկական վեպ» (1887թ.) աշխատությունների մեջ: Հայ դիցաբանության հարցեր են քննարկված «Ընդհանուր տեսություն հայոց հեթանոսական կրոնի» (1864թ., ռուսերեն, թարգմանվել է ֆրանսերեն, որից էլ հայերեն` «Հնախօսութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեանն», 1875թ.), «Հետազոտութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեան» (1877թ.), «Արա Գեղեցիկի մասին» (1858թ., ռուսերեն), «Վահագն վիշապաքաղը հայ դիցաբանության մեջ Ռիգ Վեդայի Ինդրա Vritrahan-ն է» (1873թ., ռուսերեն) և այլ գործերում: Առավել ուշագրավ գործերից է «Հայկազանց տոհմական ցուցակ ըստ Հայոց պատմության Մովսիսի Խորենացվո և ժամանակագրական աղյուսակ Հ.Մ.Չամչյանի» (1884թ., ռուսերեն) հետազոտությունը: Նրա մի շարք ուսումնասիրություններով («Հրեա գաղթականությունը հին հայոց մեջ», 1880թ., «Մեդացիները հին Հայաստանում», «Ժյուլի Օպերտի՝ Աժդահակ բառի նոր բացատրությունը», 1880թ., «Արմավիր», 1882թ. և այլն) հիմք դրվեց Հայաստանում օտար գաղութների և գաղթականության վերաբերյալ պատմությանը: Հիմնադրել է Լազարյան ճեմարանի մատենադարանը, առաջին անգամ հրատարակել է Ղազար Փարպեցու «Թուղթը» (1853թ.), Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» (1860թ.), Մխիթար Այրիվանեցու «Պատմություն Հայոց» (1860թ.), Վարդան Արևելցու «Պատմություն տիեզերական» (1861թ.) աշխատությունների քննական բնագրերը: Ռուսերեն է թարգմանել և առաջաբանով ու ծանոթագրությամբ հրատարակել Մովսես Խորենւսցու «Պատմություն Հայոցը» (1858թ.), Վարդան Արևելցու «Պատմությունը» (1861թ.), Ստեփանոս Տարոնեցու «Պատմությունը» (1864թ.), ֆրանսերեն` Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» (1867թ.) և այլն: Նրա երկերի ամբողջական հավաքածուն լույս է տեսել Մոսկվայում (հ.1-3, 1893-97թթ): Նրա կտակած միջոցներով հրատարակվել է «Էմինյան ազգագրական ժողովածուն» (9 հատոր): Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար