
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆ

1 ապրիլ, 1920 - 6 հուլիս, 2005
Ծնվել է ՀՀ Շահնազար գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզի Մեծավան գյուղ): 1937թ. ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1937-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում: 1941-43թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1945թ-ից դասախոսել է ԵՊՀ-ում: 1948-57թթ եղել է օտար լեզուների, 1957-70թթ` ռոմանագերմանական բանասիրության ամբիոնների վարիչը, 1962թ-ից` ՀՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի տնօրենը: Աշխատությունները վերաբեվում են ընդհանուր և համեմատական լեզվաբանությանը, հայերենի պատմությանը, ժամանակակից հայերենին, հայ բարբառագիտությանը: Հիմնարար հետազոտություններից են` «Լեզվաբանության պատմություն» (հ. 1-2, 1960թ., 1962թ.), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972թ.), «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները» (1974թ.), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուսերեն, 1978թ.), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսերեն, 1982թ.), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987թ., ՀՀ Պետական մրցանակ` 1988թ.): Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առաչնությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ: Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը: Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ` վիճակագրական բարբառագիտություն: Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած: Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը: Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար` սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը: Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին: 1974թ-ից եղել է Եվրոպայի, 1980թ-ից` ԱՄՆ-ի լեզվաբանության ընկերությունների անդամ: Եղել է նաև բանասիրական գիտությունների դոկտոր (1955թ.), պրոֆեսոր (1958թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974թ., թղթակից անդամ` 1968թ-ից): 1965թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1988թ.` ՀՀ Պետական, իսկ 1996թ.` ՀՀ գիտության ազգային մրցանակների: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան», ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, «Աշխատանքային արիության համար», ՀՀ «Մովսես Խորենացի» և ԵՊՀ ոսկե մեդալներով: Մահացել է Երևանում: