ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆ

Լեզվաբան, բանասեր, հայագետ

1 ապրիլ, 1920 - 6 հուլիս, 2005

Ծնվել է ՀՀ Շահնազար գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզի Մեծավան գյուղ): 1937թ. ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1937-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում: 1941-43թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1945թ-ից դասախոսել է ԵՊՀ-ում: 1948-57թթ եղել է օտար լեզուների, 1957-70թթ` ռոմանագերմանական բանասիրության ամբիոնների վարիչը, 1962թ-ից` ՀՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի տնօրենը: Աշխատությունները վերաբեվում են ընդհանուր և համեմատական լեզվաբանությանը, հայերենի պատմությանը, ժամանակակից հայերենին, հայ բարբառագիտությանը: Հիմնարար հետազոտություններից են` «Լեզվաբանության պատմություն» (հ. 1-2, 1960թ., 1962թ.), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972թ.), «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները» (1974թ.), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուսերեն, 1978թ.), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսերեն, 1982թ.), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987թ., ՀՀ Պետական մրցանակ` 1988թ.): Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առաչնությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ: Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը: Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ` վիճակագրական բարբառագիտություն: Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած: Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը: Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար` սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը: Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին: 1974թ-ից եղել է Եվրոպայի, 1980թ-ից` ԱՄՆ-ի լեզվաբանության ընկերությունների անդամ: Եղել է նաև բանասիրական գիտությունների դոկտոր (1955թ.), պրոֆեսոր (1958թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974թ., թղթակից անդամ` 1968թ-ից): 1965թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1988թ.` ՀՀ Պետական, իսկ 1996թ.` ՀՀ գիտության ազգային մրցանակների: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան», ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, «Աշխատանքային արիության համար», ՀՀ «Մովսես Խորենացի» և ԵՊՀ ոսկե մեդալներով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար