ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ

Պատմաբան, եկեղեցական գործիչ

30 դեկտեմբեր, 1590 - 1 նոյեմբեր, 1670

Ծնվել է Թավրիզում: Իր ծննդավայրի անունով կոչվել է Դավրիժեցի (Թավրիզեցի): Ուսանել է Սբ. Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցուն (1632-55թթ): Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, եղել է Էջմիածնի միաբանության անդամ, ապա` Հովհաննավանքի առաջնորդ: Որպես Էջմիածնի նվիրակ` այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներ և Մայր աթոռի համար կատարել հանգանակություն: Փիլիպոս Ա-ի հանձնարարությամբ 1651-62թթ գրել է «Պատմություն» (կոչվում է նաև «Գիրք պատմությանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ ներկայացրել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական դրությունը, թուրք-պարսկական պատերազմների պատմությունը, ջալալիների շարժումը և Շահ Աբբաս 1-ինի կազմակերպած հայերի բռնագաղթը (1604թ.): «Պատմությունը» եզակի տեղեկություններ է հաղորդում նաև Լվովի հայերի կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ: Հատկապես արժեքավոր են աշխատության այն գլուխները, որոնք վերաբերում են լեհահայ գաղութի կյանքին, մասնավորապես լեհահայերի բռնի կաթոլիկացմանը, Նիկոլ եպիսկոպոս Թորոսովիչի ազգադավ գործունեությանը և այլ հարցերի: Երկը բացառիկ կարևորության աղբյուր է Այսրկովկասի, Թուրքիայի և Պարսկաստանի 18-րդ դարի 1-ին կեսի պատմության մասին, ունի համառոտ ժամանակագրություն (613թ-ից մինչ 18-րդ դարի կես): Զետեղված է նաև թուրք և պարսիկ տիրակալների իշխանության, Սսի և Էջմիածնի կաթողիկոսների գահակալության ժամանակագրությունը: Եղել է այն եզակի պատմիչներից, ովքեր, որպես պատմության հավաստի աղբյուր, օգտագործել են մեր ձեռագրերի հիշատակարանները: «Պատմությունն» առաջին անգամ լույս է տեսել հեղինակի կենդանության օրոք (1669թ. Ամստերդամ, Ոսկան Երևանցու խմբագրությամբ), այնուհետև հրատարակվել է ևս 3 անգամ (քննական հրատարակությունը` 1990թ.): Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874թ.), ռուսերեն (1973թ.), լեհերեն (1981թ.), հատվածաբար` վրացերեն (1974թ.): Պատմագիրը հեղինակ է նաև կրոնական բովանդակությամբ 2 տաղի: Մահացել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին), թաղված է տեղի Սբ. Գայանե վանքի գերեզմանոցում: