ՎԱԼՅԱ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Երգչուհի

12 օգոստոս, 1937 - 3 դեկտեմբեր, 1990

Ծնվել է Երևանում: Հայրը՝ Վարդան Սամվելյանը, եկեղեցական խորհրդի նախագահն է եղել, մայրը՝ Վերգինե Բադալյանը, երգել է Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբում: Երգչուհին հաճախել է Երևանի Պ.Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղից արդեն սկսել է երգել դպրոցի երգչախմբում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, երգել է Երևանի ավտոդողերի գործարանի երգի և պարի ինքնագործ անսամբլում, որի հետ մասնակցել է միջազգային փառատոների և արժանացել 4 ոսկե մեդալի: Երգել է հայկական գուսանական և ժողովրդական երգեր: 1950-ականներին երգել է Երևանի սարքաշինական գործարանի ժողովրդական գործիքների նվագախմբում, որտեղ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, ով նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր` Կառլեն Գևորգյանը: Հետագայում որպես մենակատար աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում, 1952թ-ից` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլում, որտեղ երգել է մինչև կյանքի վերջ: 1957թ. մասնակցել է Հայաստանի երիտասարդական փառատոնին և զբաղեցրել երգի ասպարեզում առաջին տեղը՝ պարգևատրվելով ոսկե մեդալով: Նրա կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի, գուսաններ Աշոտի, Շահենի և ուրիշների ստեղծագործությունները: Նրա առավել ճանաչված կատարումներից են «Անուշիկ իմ քույրիկ», «Անցար այգուս նայելով», «Զոր գիշեր» և «Շորորա» ստեղծագործությունները: Թողարկվել է երգչուհու ձայնասկավառակերը Մոսկվայի «Մելոդիա» ընկերությունում և ԱՄՆ-ում («Թողեցիր ինձ մենակ», «Անուշիկ իմ քույրիկ»): Համերգներով եղել է Ուկրաինայում, Բելառուսում, Մերձբալթյան երկրներում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Սիրիայում, Լիբանանում և Բելգիայում: Մահացել է Երևանում, ավտովթարից: