
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

3 սեպտեմբեր, 1889 - 14 հոկտեմբեր, 1967
Ստեփան Առաքելյան
Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր): 1904թ. ավարտել է ծննդավայրի ռուսական դպրոցը։ 1906թ. մեկնել է Թիֆլիս, որտեղ որպես գրական աշխատող և թարգմանիչ 1909-11թթ պաշտոնավարել է «Սուրհանդակ», 1912-19թթ՝ «Մշակ» թերթերում։ 1919թ. տեղափոխվել է Երնան: 1919-20թթ աշխատել «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում, 1922-25թթ՝ Հայաստանի լուսժողկոմատում՝ որպես պետական հրատարակչության գլխավոր խմբագիր, 1930-34թթ՝ «Հայկինո»-ում՝ գրական խորհրդատու։ 1929-37թթ եղել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, 1950-54թթ՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը, 1962թ-ից՝ Հայաստանի Նախարարների Խորհրդին առընթեր Լենինյան մրցանակների կոմիտեի անդամ, 1965թ-ից՝ Հայաստանի Նախարարների Խորհրդին առընթեր գրականության, արվեստի և ճարտարապետության պետական մրցանակների հանձնաժողովի նախագահը և Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ ու գրականության գիտաճյուղային խմբագրության խորհրդի նախագահը։ Եղել է նաև ԽՍՀՄ 4-րդ, 5-րդ և 7-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր։ 1909թ. «Լումա» ամսագրում տպագրվել է գրողի առաջին պատմվածքը («Քաղցածները»), 1918թ.՝ պատմվածքների առաջին ժողովածուն («Տխուր մարդիկ», Թիֆլիս), որը կյանքի ն մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ գրական նոր որակ էր արձակի մեջ և արժանացել է հայ գրական հասարակության բարձր գնահատականին։ Առաջին գրքում հանդես է բերում սուր դիտողականություն, մարդու հոգեբանության գաղտնարանները թափանցելու կարողություն։ Նկարագրելով հերոսների կյանքը՝ նա բացահայտում է իրականության ներքին հակասությունները։ Մարդկանց հոգեբանության վրա սեփականատիրական կրքերի ավերիչ ազդեցությունն է պատկերված «Ցանկապատը» (1923թ.) ժողովածուում։ Հանուն շահի մարդիկ պատրաստ են ոտնատակ տալու նույնիսկ արյունակցական կապերն ու բարոյական սկզբունքները («Ցանկապատը», «Ծովանը»)։ Սոցիալական չարիքի պատկերման առումով նրա ստեղծագործության լավագույն էջերից է «Խնձորի այգին» պատմվածքը (1917թ.)։ «Պատերազմը» (1925թ.) ժողովածուում զետեղված պատմվածքներում («Պատերազմը», «Զաքարի հարսը», «Ընթերցողները», «Ջրհորի մոտ» և այլն) դրսևորված է հեղինակի ստեղծագործության օրգանական կապը հարազատ հայկական միջավայրի հետ։ Անդրադարձել է համաշխարհային խոշոր երևույթի՝ պատերազմի արձագանքները հայկական գյուղում։ Նախահեղափոխական տարիների ստեղծագործությամբ նոր խոսք է ասել պատմվածքի ժանրում և կանգնել արձակի փոքր ձևերի վարպետների կողքին։ Խորապես կապված լինելով ազգային կյանքի ու մշակույթի հետ՝ նրա արվեստը կրում է եվրոպական և ռուսական ռեալիզմի լավագույն ավանդույթները։ Նրա նախահեղափոխական տարիների ստեղծագործության դեմոկրատական խոր բովանդակությունը այն նախադրյալն էր, որով գրողը դարձավ հայ գրականության առաջին ստեղծողներից։ Նոր շրջանի առաջին գործերում՝ «Հեղկոմի նախագահը» (1923թ.), «Գրադարանի աղջիկը» (1925թ.) վիպակներում և «Ամիրյանի ընտանիքը» վեպում (գրվել է 1921թ., լույս տեսել 1963թ.) հեղինակը հեղափոխության մասնակիցներին ներկայացնում է իրենց սոցիալական հոգեբանությամբ և մարդկային խառնվածքով։ Այս գործերում հերոսների ներաշխարհի բացահայտման միջոցով գրողը բնութագրում է Հայաստանի բարդ իրադրությունը հեղափոխության շրջանում։ Վիկտորյայի և մոր՝ Աննայի կերպարները նոր են ոչ միայն հեղինակի ստեղծագործության, այլև հայ գրականության մեջ։ Ընդհանրապես նա հաճախ է անդրադարձել հայ կնոջ կերպարին, ստեղծել հոգեկան բարձր ու ազնիվ գծերով օժտված Մարիամի («Կրակ»), Եսթերի («Զաքարի հարսը»), Նունուֆարի («Խնձորի այգին»), Նվարդի («Ամիրյանի ընտանիքը»), Փառանձեմի («Հայոց բերդը») և այլ կերպարներ։ 1930-ական թվականներին գրողի ստեղծագործության աշխարհն են մտնում սոցիալիստական շինարարության հերոսները։ «Վարդաձորի կոմունը» (1930թ.) վիպակում ներկայացվում է գյուղում առաջին կոմունաների կազմակերպիչների սկսած գործը։ «Սպիտակ քաղաքը» (1932թ.) վեպում հեղինակը կերտում է սոցիալիստական առաջին քաղաքները կառուցողների կերպարներ՝ նոր կյանքի կառուցման մեջ առանձին կարևորություն տալով մարդկանց հոգեբանության վերափոխմանը։ Գրել է նաև մանուկների ու պատանիների համար։ «Խուժան Արշոն» (1928թ.), «Չալանկը» (1930թ.), «Մի գիշեր անտառում» (1931թ.), «Սև Սեթոն» (1935թ.), «Հեքիաթներ» (1941թ.) և այլ գործեր իրենց պարզությամբ, կենդանի հնչերանգով, բնության նուրբ զգացողությամբ ու ջերմությամբ հեղինակի ստեղծագործության մի առանձնահատուկ մասն են կազմում։ Նրա լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» վեպը (գիրք 1-2, 1935-39թթ), որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագրությունն է, հայ կյանքի մի ամբողջ ժամանակաշրջանի պատկերը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հաևդես է եկել թիկունքի կյանքը պատկերող պատմվածքներով, որոնք խմբավորել է «Պարզ հոգիներ» (1945թ.) շարքում։ Այս պատմվածքներում բացահայտված են շարքային մարդու քաղաքացիական առաքինությունները և մարդկային վսեմ հատկությունները պատերազմի ծանր օրերին։ 1944թ. լույս է տեսել նրա «Պապ թագավոր» պատմավեպը։ Հեղինակը քննադատաբար վերանայելով պատմական տվյալները՝ տալիս է Պապի գործունեության նոր մեկնաբանություն։ Պապը վեպում ներկայացված է որպես իր դարաշրջանի նշանավոր քաղաքական գործիչ։ Այնուևետև հրատարակվել են «Հայոց բերդը» (1959թ.) և «Վարազդատ» (1967թ.) պատմական վեպերը, որոնք «Պապ թագավորի» հետ կազմում են եռագրություն։ Այս վեպերում, որոնք ժամանակագրորեն շարունակում են իրար, հեղինակը Հայաստանի 4-րդ դարի քաղաքական անցքերի գեղարվեստական վերլուծմամբ հաստատում է, որ ուժեղ պետականությունն է ժողովրդի գոյության գլխավոր նախապայմանը։ Նրա պատմավեպերում պատկերված են հասարակական գրեթե բոլոր խավերը՝ իրենց բնորոշ ներքին հակասություններով ու սոցիալական հոգեբանությամբ։ Գրողի ստեղծագործության մեջ իր կարևոր տեղն ունի «Հուշերի գիրք»-ը (1958թ.), որտեղ տրված են իր ավագ ժամանակակիցների՝ Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Շիրվանզադեի և այլոց դիմանկարները։ Այդ հուշերը ստույգ գրական փաստաթղթեր են։ Հրատարակել է գրական, քննադատական բազմաթիվ հոդվածներ՝ նպաստելով հայ գրականագիտության ձևավորմանն ու զարգացմանը։ Բարձրացրել է հայ արձակի մշակույթը, ստեղծել հոգեբանորեն և սոցիալապես հավաստի ստեղծագործություններ, որոնք աչքի են ընկնում ձևի նորությամբ, սեղմ շարադրանքով, նուրբ վարպետությամբ։ Նրա գրական վաստակի մասն են կազմում թարգմանությունները։ Հայ թարգմանական արվեստի նշանավոր գործերից են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղության», Տուրգենևի, Գարշինի, Մ.Տվենի, Ս.Ցվայգի, Մ.Պրիշվինի և այլ հեղինակների երկերի թարգմանությունները։ Գրողի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Ջրհորի մոտ» (1970թ.), «Հեղկոմի նախագահը» (1977թ.), «Խնձորի այգին» (1985թ.) գեղարվեստական կինոնկարները: 1965թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս։ Պարգնատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Վանաձորում գործում է Ստեփան Զորյանի տուն-թանգարանը: Այդտեղ և հանրապետության այլ քաղաքներում նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: