ՎԱՀԵ ՎԱՀՅԱՆ

Բանաստեղծ

22 հոկտեմբեր, 1908 - 19 օգոստոս, 1998

Սարգիս Ապդալյան

Ծնվել է Թուրքիայի Սեբաստիայի նահանգի Կյուրին քաղաքում: 1915թ. բոլորի նման ենթարկվել է հայկական կոտորածների սարսափազդու արհավիրքներին: Զինադադարից հետո` 1918թ. վերադարձել է Այնթապ, մի քանի ամիս արհեստ սովորելուց հետո, մտել է Վարդանյան վարժարան, որը չի ավարտել վերահաս խռովությունների և կռիվների հետևանքով: 1920թ. հաստատվել է Հալեպում: Այնտեղ շարունակել է ուսումը ամերիկացիներին փոխանցած հայ բողոքականների վարժարանում և ավարտել: 1925թ. նրան հաջողվել է մտնել Բեյրութի ամերիկյան համալսարան, հետևել ճարտարագիտության, մաթեմատիկայի և բնական գիտությունների դասընթացներին: 1930թ. Պսակավոր արվեստից տիտղոսով ավարտել է համալսարանը և նույն տարում էլ պաշտոնի անցել Բեյրութի մոտ` Բրումմանայի անգլիական գիշերօթիկ երկրորդական վարժարանում` որպես մաթեմատիկայի, բնագիտության և տարրաբանության ուսուցիչ: 1934թ. Անթիլիասի դպրեվանքում շարունակել է ուսուցչությունը, այս անգամ հայոց լեզվի և գրականության գծով: 1935թ-ից պաշտոնավարել է Մելգոնյան կրթական հաստատությունում: Գրականություն է մուտք գործել Սարգիս Մեհյան, Ս.Հ.Հարզվարթյան, 1933թ-ից` Վ-Վ. գրական կեղծանուններով: Աշխատակցել է «Անահիտ», «Զվարթնոց», «Արագած» և այլ պարբերականների: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իր «Անի» ամսագրով դարձել է սփյուռքահայ գրական շարժման առաջնորդներից մեկը և միաժամանակ շարունակել ուսուցչական գործունեությունը Բեյրութի ՀԲԸՄ երկրորդական վարժարաններում: Բանաստեղծությունների առաջին հատորը` «Արև-անձրև» ժողովածուն, լույս է տեսել 1933թ., Բեյրութում, երկրորդ հատորը` «Ոսկի կամուրջ»-ը, 1945թ., նույնպես Բեյրութում, որից հետո հրապարակել է «Հարալեզներու հաշտությունը» (1952թ.) և բավական ընդմիջումից հետո` 1968թ. բանաստեղծությունների երրորդ ժողովածուն` «Մատյան սիրո և մորմոքի»: 1974թ. Բեյրութում հրատարակել է չորորդ ժողովածուն` «Հուշարձան Վահրամիս»-ը: Կազմել և խմբագրել է բազմաթիվ պատկառելի և արժեքավոր գեղարվեստական հատորներ: Երևանում հրապարակել է հատընտիր «Ոսկի կամուրջ» (1958թ.) և «Մատյան սիրո և մորմոքի» (1971թ.) ժողովածուները: 1986թ. Բեյրութում հրատարակվել է նրա հատընտիրը: Հեղինակել է նաև գրաքննադատական հոդվածներ` «Բերքահավաք» (հատորներ 1-2, 1978թ., 1987թ.): 1983թ. Երևանում նշվել է նրա ծննդյան 75-ամյակը, մանկավարժական գործունեության համար պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2012թ. Արամ Սեփեթճյանը կազմել, խմբագրել և հրատարակել է Վահե Վահյանի նամականին` «Բանաստեղծին սիրտը»: Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար