ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1962թ. հոկտեմբերի 18-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1980թ. ավարտել է տեղի Գ.Սարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը: 1980-82թթ սովորել է Լենինականի թիվ 10 գեղարվեստի ուսումնարանում և ստացել նկարիչ-մետաղադրվագողի մասնագիտություն: 1980-82թթ զուգահեռ սովորել է նաև Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում, որի ղեկավարն էր Գրիգոր Մկրտչյանը: Ստացել է դերասանի մասնագիտություն: 1985-89թթ աշխատել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1989թ-ից աշխատում է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան, հետագայում նաև` ռեժիսոր: Կերտել է ավելի քան 70 թատերական դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Նար-Դոսի «Սպանված աղավնի» (Սիսակյան), Ն.Դումբաձեի «Ես, Տատիկը, Իլիկոն և Իլարյոնը» (Ռոմուլի Կալանտաձե), Պ.Սևակի «Եռաձայն Պատարագ» (Կոմիտաս), Ժ.Հարությունյանի «Բախտավոր մարդիկ» (Վարդան), Հ.Քոչարի «Կարոտ» (Մստո), Լ.Շանթի «Շղթայվածը» (Աշոտ Տայեցի), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Ֆլորինդո Արետուզի), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Սերգեյ), Մ.Արմենի «Հեղնար Աղբյուր» (Ուստա Մկրտիչ), Ա.Պապայան «Գնա մեռի, արի սիրեմ» (Ռոբերտ), Ե.Օտյանի «Խնդանք անցնինք» (Աքրիպաս աղա), Հ.Պարոնյանի «Պաղդասար Աղբար» (Պաղդասար), Ժ.Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» (Հաբեթ Սերոբյան), Վ.Մովսիսյանի «Փախուստ» (Հրաչ), Ա.Կասոննայի «Ծառերը կանգնած են մահանում» (Դիրեկտոր), Ա.Քալանթարյանի «Բումերանգ» (Սահակ), Գ.Սունդուկյանի «Փուղի զորութինը» (Օյինբազով), Ս.Խալաթյանի «Սիմոն թագավոր» (Սիմոն), Վ.Շեքսպիրի «Շայլոկ» (Շայլոկ), Ա.Վամպիլովի «Գավառային անեկդոտներ» (Խոմուտով), Գ.Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց» (Սահակ Պարթև) և այլն: 1990-95թթ սովորել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտում` ստանալով «դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտություն, 2004-06թթ` ԵԹԿՊԻ-ի Գյումրիի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնում: 1991-95թթ աշխատել է «Մենք» սատիրայի թատրունում` որպես դերասան, 1992-93թթ` «Տեսիլք» նորարական թատրոնում` որպես դերասան, 1996-2001թթ` Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունում` նկարահանվելով երգիծական մանրապատումներում, 1996-2003թթ` Գյումրիի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում` դասավանդելով արվեստի պատմություն  և դերասանի վարպետություն, 2003-10թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի վոկալի ամբիոնում` դասավանդելով դերասանի վարպետություն և ռիթմիկա: 1998թ-ից դասավանդում է ԵԹԿՊԻ-ի Գյումրիի մասնաճյուղի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնում, որի ղեկավարն է: 2004թ. մասնակցել է «Արմմոնո» մոնոներկայացումների երևանյան երկրորդ փառատոնին` «Մենախոսություն մինչև լուսաբաց» ներկայացումով, 2006թ.` «Արմմոնո» միջազգային շեքսպիրյան փառատոնին` «Շայլոկ» մոնոներկայացումով: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլուր: Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ` Ռ.Կաշաուսկասի «Երազանքների տունը»,  Ս.Խալաթյանի «Լիրբը»,  Վ.Փափազյանի «Ժայռը», Ա.Լինդգրենի «Մանչուկն ու Կարլսոնը», Լ.Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Հ.Հովհաննիսյանի «Իրատրոն-0102», Ուստինովի և Տոբակովի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», Օ.Բոգաևի «Ճանապարհ դեպի ներքև», Չ.Դիքենսի «Դեյվիդ Կոոպերֆիլդ», Վ.Այգեկցու «Խելոքներն ու հիմարները», Գ.Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց» և այլն: Նկարահանվել է «ПR2», «Տիկնիկ Ամալյայի համար», «Տերտերը», «Դաշնամուրը» ֆիլմերում: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար