
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

8 նոյեմբեր, 1830 - 26 օգոստոս, 1892
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Հայտնի է եղել նաև Գամառ Քաթիպա անունով: Եղել է գրող, պատմաբան Գաբրիել Պատկանյանի որդին։ Մկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում, 1843-49թթ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1850թ. մեկնել է Թիֆլիս։ Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զարմայր Նահապետի մահը» (պոեմներ), «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ շինականաց» (բանաստեղծություններ), լույս են տեսել 1850-51թթ «Արարատ» շաբաթաթերթում։ Առաջին պոեմում հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն 4-րդի կերպարը նույնացրել է հայրենիք, ազգ, ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ, առաջ քաշել հայրենիքի անկախության, Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները։ Երկրորդ պոեմը, որ անտիկ շրջանի պատմությունից վերցված դրվագ է, դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի։ Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է։ 1851թ. սովորել է Դորպատի համալսարանում, գրել ուրախության, գինու, վայելքի, ինչպես նաև հեռավոր հայրենիքի փառաբանման տրամադրություններով հագեցած բանաստեղծություններ («Հայոց գինին», «Թիֆլիսի քեֆ»)։ 1851թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 1852թ. ուսանողներ Գևորգ Քանանյանի և Մնացական Թիմուրյանի հետ հիմնել է «Գամառ-Քաթիպա» ընկերությունը։ Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար 1854թ. տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արևելագիտական ֆակուլտետի հայ-վիրա-թաթարական բաժին, որն ավարտել է 1860թ.` թեկնածուի գիտական աստիճանով։ 1855թ. լույս է տեսել Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով։ Գրողը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի, կենսունակ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել«Արաքսի արտասուքը» (1856թ.), «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» (1856թ.) ստեղծագործություններում։ 1857թ. դարձել է Մ.Բուդաղյանի ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցության անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը դարավոր լծից։ 1857-62թթ գրել է «Պատմություն Մեծին Պետրոսի...», «Նապոլեոն Բոնապարտ», «Մարտին Լյութեր» (անտիպ) աշխատությունները, որոնց օրինակով կամեցել է ոգեշնչել հայ ժողովրդին, «Դև Մրուս», «Քյոռ Օղլու» պոեմները, որտեղ մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկներին։ 1863-64թթ հրատարակել է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրել է Զեյթունի հերոսամարտի դրվագները։ 1866թ. մեկնել է Նոր Նախիջևան, որտեղ, ուսումնակրթական աշխատանքներին զուգընթաց, սաեղծագործել է, արտահայտել ազատաբաղձ գաղափարներ, որոնք արտացոլվել են Նոր Նախիջևանի բարբառով գրած «Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875թ.), «Կիւլզատե» պատմվածքներում և «Նոր Նախիջևանի քնար» (1878թ.) ժողովածուում։ 1875թ. թուրքական բռնապետության դեմ Հերցեգովինայում և Բոսնիայում բռնկած սլավոնների ապստամբության լուրը ստեղծագործական նոր լիցք է հաղորդել գրողին, և նա գրել է «Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը։ Բեռլինի կոնգրեսից (1878թ.) հետո տիրող ծանր հիասթափության տարիներին շարունակել է ստեղծագործել նույն ոգով։ 1880-ական թվականերին ստեղծել է «Փառասեր», «Ես նշանած էի», «Տիկին և Նաժիշտ» վիպակները, որոնցից առաջինում ներկայացրել է օտարամոլ, միայն անձնական բարօրության մասին մտածող հային, իսկ երկրորդում գովերգել է ասպետական գծերով օժտված, ազնիվ անձնազոհ հերոսին։ 1880թ. նրա ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որը հնարավորություն է ընձեռել չքավոր երեխաներին, տարրական գիտելիքներին զուգընթաց, տիրապետելու արհեստների, ստանալու անվճար սնունդ ու հագուստ։ Մինչև իր կյանքի վերջը եղել է այդ դպրոցի տեսուչը։ Այդ տարիներին գրել է մի շարք դասագրքեր («Մայրենի բարբառ», «Այբբենարան հնչական ոճով», «Հայոց պատմություն»), «Մեր տեղի ծակլաբունները» պատմվածքը, որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսի մասնակից մեծ տերություններին, խարազանել անձնական շահը հայրենիքի ազատությունից գերադասող անձանց։ 1880-ական թթ կեսերին Հայաստանում տեղի ունեցող ընդվզումները առիթ են դարձել ստեղծելու «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում», «Փեսաներ» բանաստեղծությունները, որոնցում հեղինակը համայն հայությանը կոչ է արել զորավիգ կանգնել հայրենիքի փրկության գործին։ Նոր Նախիջևանի բարբառով գրել է նաև երգիծական պատմվածքներ, որոնցում ներկայացրել է բուրժուական հարաբերությունների զարգացման հետևանքով փլուզվող հայ համայնքի պատկերը («Օձի խածածը», «Շատերեն մեկը», «Խոռթլախը», «Նոր տուն ու հին տուն», «Փորսուխին Ավագը», «Խապաաթը վորի՛նն է» և այլն): Մահացել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով):