ՊԱՎԵԼ ԼԻՍԻՑՅԱՆ

Օպերային երգիչ

24 հոկտեմբեր, 1911 - 6 հուլիս, 2004

Պողոս Լիսիցյան

Ծնվել է Վլադիկավկազ քաղաքում (Հյուսիսային Օսիա-Ալանիա): Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական դպրոցը: 1930-32թթ սովորել է Լենինգրադի երաժշտական ուսումնարանում, 1932-35թթ՝ Լենինգրադի կոնսերվատորիայում՝ Զ.Դոլսկու դասարանում: 1960թ. էքստերն կարգով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1933թ. աշխատել է Լենինգրադի առաջին երիտասարդական օպերային թատրոնում, որտեղ առաջին դերը եղել է Ֆիորելլոն՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում: 1935-37թթ եղել է Լենինգրադի Փոքր օպերային թատրոնի, 1937-40թթ և 1941-43թթ Երևանի օպերայի և բալետի թատրոնի, 1940թ. և 1944-66թթ Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ: 1941թ. համերգներով ոգևորել է պատերազմի ռազմիկներին, որի համար պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մեդալներով: Տիրապետել է ձայնային լայն դիապազոնի, անբասիր ինտոնացիայի, կատարյալ առոգանության, նրա ճկուն ու գեղեցիկ ձայնը առանձնացել է հազվագյուտ թավշյա տեմբրով: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Պուչչինիի «Տոսկա» (Սկարպիա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օնեգին), «Մազեպա» (Մազեպա), «Պիկովայա դամա» (Ելեցկի և Տոմսկի), «Իոլանտա» (Ռոբերտ), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Ժերմոն), «Աիդա» (Ամոնասրո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Գրյազնոյ), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Թաթուլ), Ա.Այվազյանի «Թափառնիկոս» (Թովմաս), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ), Փալիաշվիլու «Դաիսի» (Կիագո), Մեյերբերի «Հուգենոտներ» (Կոմս դը Նեեր) և այլն: Եղել է Կազբիչի (Ալեքսանդրովի «Բելա»), Նապոլեոնի (Պրոկոֆեի «Պատերազմ և խաղաղություն»), Անդրեյի (Ժիգանովի «Զալիլ») դերերգերի առաջին կատարողը (Մոսկվայի Մեծ թատրոն): Հանդես է եկել նաև համերգներով, կատարել Պ.Չայկովսկու, Ս.Ռախմանինովի ռոմանսները, սովետական և հայ կոմպոզիտորների երգեր: 1960թ. առաջինն է եղել սովետական երգիչներից, ով հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում: Հյուրախաղերով այցելել է արտասահմանյան բազմաթիվ երկրներ՝ Իրան, Շվեդիա, Դանիա, Հնդկաստան, ԱՄՆ, Ճապոնիա, Իտալիա և այլն: 1967-73թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1969թ-ից՝ ամբիոնի վարիչ, 1970թ-ից՝ պրոֆեսոր), ապա՝ Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայում և Մեծ թատրոնում կրթել է ապագա երգիչների: Զարուհի Դոլուխանյանի հետ ղեկավարել է ԽՍՀՄ Երգի միջազգային դպրոցը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով և մի շարք այլ մեդալներով: 1939թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը: Պավել Լիսիցյանի զավակների կողմից ստեղծվել է նրա անվան հիմնադրամ, որն զբաղվում է համերգների կազմակերպումով, կրթությամբ: 2008թ. Մոսկվայում անցկացվել է Պ.Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին միջազգային մրցույթը: