ՄԻՆԱՍ ՉԵՐԱԶ

Բանաստեղծ, արձակագիր

25 հուլիս, 1852 - 24 փետրվար, 1929

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Խասգյուղի Ներսեսյան, ապա` Նուպար Շահնազարյան վարժարանում։ Տիրապետել է մի քանի լեզուների։ Գրականության պատմություն և լեզուներ է դասավանդել Կ.Պոլսի վարժարաններում։ 1870թ. խմբագրել է «Երկրագունտ» հանդեսը, ընտրվել ուսումնական խորհրդի անդամ: Եղել է 1876թ. Կ.Պոլսում հիմնադրված «Արարատյան» ընկերության գործուն անդամներից: 1878թ. հայոց պատվիրակության կազմում մասնակցել է Բեռլինի վեհաժողովին։ 1880թ-ից Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ.Պոլսի «Միացյալ ընկերություն հայոց» բարեգործական կազմակերպությունը։ Լինելով պատրիարք Ն.Վարժապետյանի մասնավոր պատվիրակը՝ 1880թ. եղել է Անգլիայի վարչապետ Գլադստոնի մոտ, խնդրել նրա միջամտությունը՝ հայկական գավառներում Բեռլինի դաշնագրով նախատեսված բարենորոգումներն իրականացնելու համար։ 1883թ. նույնպիսի առաքելությամբ մեկնել է Ֆրանսիա և Իտալիա։ 1886-89թթ եղել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանի տնօրենը։ 1889թ. հաստատվել է Լոնդոնում, հրատարակել «Լ’Արմենիե» ֆրանսերեն գրական-քաղաքական թերթը։ 1890թ. եղել է Լոնդոնի Քրնգս քոլեջի հայերենի ամբիոնի հիմնադիր-ղեկավարը։ 1898թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչև 1906թ. շարունակել է տպագրել «Լ’Արմենիե» թերթը։ 1908թ. ընտրվել է Կ.Պոլսի Ազգային ժողովի նախագահ, Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու հետ մեկնել է Պետերբուրգ, հանդիպել ցարին և վարչապետ Ստոլիպինին։ 1912թ. ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակության կազմում։ 1914թ-ից հաստատվել է Փարիզում։ Լույս է ընծայել «Գրական փորձեր» (ժողովածու, 1874թ.), «Ազգային դաստիարակութիւն» (1876թ.), «Թէ ի՞նչ շահեցանք Պերլինի վեհաժողովէն» (1878թ., ֆրանսերենը հրատարակել է անգլիական կառավարությունն իր «Կապույտ գրքում», 1916թ.), «Հայաստան եւ Իտալիա» (1879թ.), «Գրիչ եւ սուր» (հ.1, 1881թ.) գրքերը, «Արևելեան վիպակներ» (1927թ., ֆրանսերեն) ժողովածուները։ Ֆրանսերեն է թարգմանել և հրատարակել է Պետրոս Դուրյանի, Ռափայել Պատկանյանի, Խորեն Գալֆայանի և ուրիշների ընտիր երկերից՝ «Հայ բանաստեղծներ» խորագրով, հավաքել ու ֆրանսերեն տպագրել է Կ.Պոլսի շրջակայքում բնակվող տարբեր ժողովուրդների առածների, ավանդույթների, սովորույթների և պատումների ժողովածու։ Եղել է Ֆրանսիայի Ասիական թագավորության, Արևելքի բանահյուսության, Լորիանի, Անտվերպենի աշխարհագրական և այլ ընկերությունների անդամ։ Մահացել է Փարզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր 1935թ., նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվել է Կոմիտասը։ 1936թ. Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերել նաև Մինաս Չերազի աճյունը։ Թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի` նրա փողերով կառուցված դպրոցի բակում։ Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանվել է։ Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել է, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»։ Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար