Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԳԱԲՐԻԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, պատմաբան

26 փետրվար, 1802 - 13 ապրիլ, 1889

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է բանաստեղծ, մանկավարժ Սերովբե Պատկանյանի որդին և դրամատուրգ, թատերական գործիչ Միքայել Պատկանյանի եղբայրը: 1805թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Աստրախան։ Սովորել է հոր հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա ռուսական հոգևոր սեմինարիայում։ Տիրապետել է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներին։ 1827թ. նշանակվել է Աստրախանի հոգևոր կոնսիստորիայի ատենադպիր և հոգևոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվել քահանա։ 1818թ. թարգմանել է Դիոդորոս Սիկիլիացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը (հրատարակված՝ 1827թ.) և գրել «Վարդապետութիւն ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» աշխատությունը։ 1826թ. տեղափոխվել է Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով), քաղաքային վարժարանում դասավանդել հայերեն, ռուսերեն, պատմություն, աշխարհագրություն, աչքի ընկել հասարակական գործունեությամբ։ Եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ է քաշել եկեղեցական եկամուտների համար հաշվետու լինելու հարցը, որի պատճառով 1832թ. հեռացվել է վարժարանից։ 1836թ. բացել է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտել են Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը և այլք։ 1847թ. Ներսես Աշտարակեցու հրավերով տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել Նորաշեն եկեղեցու վանահայր, 1850թ. կարգվել Ներսիսյան դպրոցի տեսուչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակել «Արարատ» աշխարհաբար շաբաթաթերթը։ 1852թ. Նոր Նախիջևանում Հ․Խալիբյանի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ 7 տարի բանտարկվել է Ռոստովի բանտում։ 1860թ. ազատվել է, բայց կայսերական հրամանով կարգազուրկ է արվել, իսկ 1861թ. Գ․Այվազովսկու հրամանով ցմահ աքսորվել է Վյատկա։ Հայ հասարակայնության և մասնավորապես իր որդիների ջանքերով 1862թ. փոխադրվել է Կոստրոմա, ապա, մեկ տարի անց՝ Պետերբուրգ, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով։ Կազմել է դասագրքեր, բառարաններ, օրացույցներ, գրել տոմարագիտական ու կրոնական աշխատություններ։ Հրապարակախոսական հոդվածներում նշել է աշխարհաբարի առանձնակի դերը ազգի կազմավորման գործում, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած այլազան խնդիրների։ Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Նրա «Գողթան երգեր» շարքի «Հարսանիք Արտաշեսի և Սաթինիկայ», «Յուլունսն Շամիրամայ», «Արի արքայն արքայից», «Վահագն» և այլ բանաստեղծություններ դարձել են ժամանակի սիրված երգերից։ «Օրորոցի երգ գյուղական այրի կնոջ», «Գեղեցիկ Նախիջևան», «Քրտնաջան այգեպան», «Իշխան անխելք և հիմար», «Առ Հայրենիս», «Փունջ հայոց պատմության» բանաստեղծություններում արտահայտել է ժամանակի ոգին, ազատագրական պայքարի կոչ արել։ «Վարդնամակ կամ Արկածք Վարդանա», «Դյուցազն մեր ժամանակի» գործերը հայ արկածային վեպի առաջին փորձերից են։ Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում դյուցազներգությունը։ «Շավարշ երկրորդ կամ Նորոգյալ Հայաստան» (1864թ.), «Անուշավան․․․» (1875թ.), «Հռիփսիմե կամ փրկություն Հայաստանի» (1875թ.), «Զավան և Փառնակ Ա» (1877թ.), «Պարույր կամ Առումն Նինվեի» (1876թ.) և այլ գործերում աշխատել է պատմական հերոսների անունների տակ ներկայացնել ժամանակի մարդկանց և դեպքեր, ինչպես նաև անցյալի հերոսական կերպարներով ոգեշնչել երիտասարդ սերնդին, արթնացնել ազգային ինքնագիտակցությունը։ Գրել է պատմական ուսումնասիրություններ՝ «Հայոց ազգի պատմությունը» (1863թ.), «Միջնավեպք Հայոց ազգի պատմութենից» (1863թ.) և այլն։ Մեծ արժեք է ներկայացնում «Հիշատակարան» աշխատությունը, որն իր ընդգրկումով, փաստերի առատությամբ և գրելաձևի վարպետությամբ դասվում է հայ նոր գրականության նշանակալից երևույթների շարքը։ 1850թ. թարգմանել է Վ.Շեքսպիրի «Համլետ»-ը, որից պահպանվել են մի քանի տեսարաններ։ Մահացել է Պետերբուրգում: