ԱՐՏԱԿ ՂՈՒԼՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 28-ին, Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ 1976թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1976-81թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ 2006թ. ավարտել է ԵրՃՇՊՀ դոկտորանտուրան։ 1981-88թթ աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնում, նախ` որպես լաբորանտ, ապա` ճարտարապետության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ 1988-91թթ եղել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից, 1991-94թթ` ՀՀ Հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական արվեստանոցի միջնադարի բաժնի վարիչ։ 1994թ-ից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է։ 1988-2010թթ համատեղությամբ դասավանդել է ԵրՊԻ, ԵրՃՇԻ, այժմ` ԵրՃՇՊՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։ 2002թ-ից  նույն ամբիոնի դոցենտ է։ 1981թ-ից զբաղվել է Արցախի և Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ: Չափագրել է բազմաթիվ հուշարձաններ, հանդես եկել զեկուցումներով, հրատարակել հոդվածներ։ 1999թ. պաշտպանել է ատենախոսություն` «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» խորագրով, ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2001թ. աշխատությունը լրամշակելով, հրատարակել է առանձին գրքով: 1992թ. Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախագծման ստեղծագործական մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։ 2000թ. մասնակցել է Էջմիածնի քաղաքապետարանի հայտարարած` քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հուշակոթողի նախագծման մրցույթին և արժանացել խրախուսական մրցանակի։ 2005-08թթ նախագծել է Մոսկվայի հայկական մայր եկեղեցու ճարտարապետական համալիրը և Պոկլոննայա Գորա հուշահամալիրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։ Նույն թվականներին նախագծել է Արտաշատի Սբ. Հովհաննես, Աբովյանի Սբ. Հովհաննես և Երևանի Էրեբունի թաղամասի Սբ. ՄեսրոպՄաշտոց և Արաբկիր թաղամասի եկեղեցիները, ինչպես նաև նոր եկեղեցիներ Սևան և Բերդ քաղաքների համար։ 2001-08թթ նախագծել է հայկական նոր եկեղեցիներ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի քաղաքների համար։ 2007թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի բակում նրա նախագծով կառուցվել է ազգային բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների հուշակոթողը և նույն թվականին արժանացել ՀՀ քաղաքաշինության նախարարության` տարվա լավագույն հուշակոթող մրցանակին: 2007-08թթ նախագծել է Սբ. Կարապետ հայկական եկեղեցին` Հորդանանում` Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում։ 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար