ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Առակագիր, գիտնական

1130 - 1213

Ծնվել է Գանձակ գյուղում: Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ուրիշ գիտնականների, ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև գնացել է Կիլիկիա. թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան: Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել Խաչեն, այստեղից էլ՝ Գետիկ վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ և օժանդակությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում 1191թ. կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Նրա իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ) հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Մեծարվել է «այր իմաստուն և հեզ, վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաւորն և մեծիմաստն գիտութեամբ»։ Մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, մասնակցել է 1205թ. Լոռեի և 1207թ. Անիի եկեղեցական ժողովներին, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Նրա գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Ցայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ» («Արարատ», ամսագիր, 1900-01թթ), «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից», աղոթքներ, «Վկայութիւն սրբոյն Խոսրովայ», առակներ, «Դատաստանագիրք հայոց» (հրատարակված են վերջին յոթը, իսկ երկրորդը մեզ չի հասել)։ Ուշագրավ են «Յայտարարութիւն»-ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն (նամակ) է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովուրդների քաղաքական համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»-ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի 11-12-րդ դարերի պատմությունը։ Բացառիկ արժեք են ներկայացնում նրա Դատաստանագիրքն ու առակների ժողովածուն։ Եթե հեղինակը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, մարդկային-ընկերակցական նոր առաջ եկած հարաբերությունները Դատաստանագրքում աշխատում է կարգավորել օրենսդրական միջոցներով, ապա առակներում նույն նպատակին ձգտում է հասնել խրատական միջոցներով։ Նրա առակների նյութը հիմնականում հասարակական ու կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է սոցիալական խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ-պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ Աստծուց։ Սակայն, հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Հեղինակը ձգտում է մեղմել մի կողմից՝ հնազանդյալների ու տերերի հակամարտությունը, մյուս կողմից՝ աշխարհիկ ու հոգևոր իշխողների հակասությունները՝ ազգային ուժերը համախմբելու և արտաքին թշնամու դեմ կենտրոնացնելու նպատակով, մի նպատակ ու պահանջ, որով պայմանավորված էր նաև նրա Դատաստանագրքի երևան գալը։ Առակներում ևս կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծարծել։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվական-իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։ Նա իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք, պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում («առակք բարոյականք», «առակք առասպելականք» և «առակք ստեղծականք») դասավորված են որոշակի կարգով ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, սերմեր ու բանջարներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի ու կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություններ են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում նա վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ (կամ գայլ)՝ միամտություն-հիմարություն և այլն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական-գեղարվեստական երկ։ Այս իմաստով նա եղել է գեղարվեստական արձակի հիմնադիրը հայ գրականության մեջ։ Նրա ժողովածուով 12-րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։ Հեղինակի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790թ. Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Նրա Դատաստանագիրքը («Գիրք Դատաստանի», 1184թ.) հայ իրավաբանական մտքի մեծագույն նվաճումներից է, որը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված): Պահպանվել են Դատաստանագրքի բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը, այդ թվում՝ հնագույնը (ձեռագիր դ 488), պահվում են Երևանի Մատենադարանում: Դատաստանագիրքն առաջին անգամ հրատարակվել է 1880թ.: Մահացել է Նոր Գետիկ վանքում (այժմ՝ Գոշավանք, ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում): 1993թ. սահմանվել է ՀՀ Մխիթար Գոշի անվան պետական մեդալ: Գոշի արձանը կանգնեցվել է Երևանի Մատենադարանի և Գոշավանքի առջև: Երևանում և Վանաձորում նրա անունով կոչվել են համալսարաններ, Տավուշի մարզում` վանք և գյուղ: