ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆ

Գրականագետ

24 սեպտեմբեր, 1923 - 10 օգոստոս, 1999

Ծնվել է Երևանում: 1941թ. ավարտել է Երևանի Շ.Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը և մեկնել զինվորական ծառայության: Սովորել է Բաքվի հրամանատարական դպրոցում, ապա` Թիֆլիսի հրամանատարական կազմի կատարելագործման անդրկովկասյան դասընթացներում: 1943-44թթ լեյտենանտի կոչումով ծառայել է մի շարք զորամասերում որպես ականանետի ջոկի և մարտկոցի հրամանատար: Եղել է այն զորքերի մեջ, որոնք 1944թ. հոկտեմբերին առաջին անգամ անցան ԽՍՀՄ սահմանը: Ծանր վիրավորվել է, կորցրել ոտքը: Զորացրվելուց հետո սովորել և 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1954թ. պաշտպանել է թեկնածուական («Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ»), 1965թ.` դոկտորական ատենախոսություն («Թումանյանի պոեմները»): 1950-72թթ դասախոսել է ԵՊՀ հայ գրականության տեսության ամբիոնում (1967թ-ից՝ պրոֆեսոր): 1974թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1982թ.` ակադեմիկոս: 1972-85թթ ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության ամբիոնում` 1982թ-ից` գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը: 1966-70թթ աշխատել է նաև ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում` որպես գրականության տեսության բաժնի վարիչ, իսկ 1977-99թթ` նույն ինստիտուտի տնօրեն: 1953-54թթ եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագրի տեղակալը: 1961-62թթ խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը: 1967-77թթ եղել է «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի հիմնադիր խմբագիրը, 1956թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է ավելի քան երկու տասնյակ մենագրություններ, հարյուրավոր հոդվածներ: Նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ: Առավել կարևոր աշխատություններից են` «Պոետիկայի հարցեր» (1976թ.), «Չորս գագաթ» (1982), «Թումանյանի պոեմները» (1964թ., 1986թ.), «Գեղագիտություն և գրականություն» (1986թ.) մենագրությունները, ինչպես նաև «Գրականության տեսություն» բուհական դասագիրքը, որն ունեցել է մի քանի հրատարակություն: Ռուսերեն լույս է տեսել նրա «Թումանյանի պոեզիան» (1969թ.), «Պոետիկան և գրականության զարգացումը» (1985թ.) գրքերը: Նրա խմբագրությամբ, առաջաբանով ու ծանոթագրություններով լույս է տեսել Վահան Տերյանի «Բանաստեղծություններ. լիակատար ժողովածու» գիրքը (1985թ.): Արժանացել է ՀՀ Պետական մրցանակների (1974թ., «Գրականության տեսություն» բուհական դասագրքի համար, հայերեն չորրորդ վերամշակված ու լրացված հրատարակություն, 1980թ., «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատանքի համար): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Կարմիր աստղի» և Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով: 1970թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1981թ.` ՀՀ ԳԱ Վաստակագրի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար