Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

Պողոս Զուրաբյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան

Դերասանուհի

Սոս Սոսյան

Դերասան

Ռուբեն Սանոյան

Դրամատուրգ, գրաքննադատ

Նոնա Գաբրիելյան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան

Քանդակագործ

Գրիգոր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

Ծնվել է 1944թ. դեկտեմբերի 2-ին, Բուլղարիայի Խասկովո քաղաքում: 1965թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտը, 1989թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրական բարձրագույն դասընթացները, ապա` Ֆրանսիայի մշակույթի և քաղաքագիտության նախարարության ֆրանսերեն լեզվի կատարելագործման ընթերցաշրջանը Փարիզում: 1966-73թթ աշխատել է «Գարուն» ամսագրում, 1973-83թթ` «Գրական թերթում», 1983-90թթ` «Վերածնված Հայաստան» հանդեսում, 1992-96թթ` «Հուշարար» և «Հայություն» պարբերաթերթերում, 1996-2003թթ` «Հայ զինվոր» շաբաթաթերթում: 1973թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նոր կյանք մտնող սերնդի որոնումներն են արտացոլված «Իսկապես, ինչպիսի՞ն է աշխարհը» (1964թ.), «Մահին հաղթողները» (1968թ.) ժողովածուներում: Ուշագրավ է նրա «Ուղևորություն դեպի մանկություն» պատմվածաշարը («Հորիզոնի կանչող գույները», 1975թ.): Նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է գրավում վավերագրական արձակը` «Հավատարիմ երազանքին» (1980թ.), «Հավերժական ճանապարհ» (1983թ.): Պատանիների համար գրել է «Այսպես են ծնվում լեգենդները» (1979թ.), «Ալեհեր լեռն ու իր թոռները» (1987թ.), Արցախի հերոսամարտը պատկերող «Մահապարտները» (2002թ.), «Ջոկատը, որ կոչվում էր «Մեծն Մուրադ» (2005թ.), «Նամակներ լուսահոգի մորս` Արևմտահայաստանից» (2006թ.) վեպերը: Հրատարակվել են նաև նրա «Եռաբլուր» (2008թ.), «Հաղթազենները» (2009թ.), «Հայերի դատը Փարիզում» (2010թ.), «Դարի դեմքը» (2010թ.), «Ապրիլ 11 (24)» (2013թ.) գրքերը: Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Ալբեր Քամյուի «Սիզիփոսի առասպելը» (1996թ.), «Առաջին մարդը» (1997թ.), Ժան Ժորեսի «Պետք է փրկել հայերին» (2009թ.), Ջակոմո Ջ. Կազանովայի «Իմ կյանքի պատմությունը» (2012թ.), Աիդա Ազնավուր-Կարվարենցի «Ափարիկս» (2012թ.) և այլոց ստեղծագործությունները: Նրա ակնարկները, պատմվածքները, հրապարակախոսական հոդվածները պարբերաբար տպագրվել են հայաստանյան և արտերկրի հայալեզու մամուլում, թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, լիտվերեն, բուլղարերեն և այլ լեզուներով: Անդամակցում է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը: 1993թ. արժանացել է ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակի: 2002թ. նրա «Մահապարտներ» գիրքն արժանացել է ՀԳՄ ամենամյա «Տարվա լավագույն հրապարակախոսական գիրք» մրցանակի: 2003թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, 2008թ. «Եռաբլուր» վեպի համար՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության գրական առաջին մրցանակի, 2011թ.՝ ՀԳՄ պատվոգրի, իսկ «Հաղթանակի դարձերեսը», «Սնդավում», «Հայացք ապագայից ներկային» հրապարակախոսական հոդվածների համար՝ Հայերի համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀԺՄ լավագույն լրագրողական մրցանակաբաշխության մրցանակի։