
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

17 հունվար, 1886 - 22 հունիս, 1908
Միսաք Մեծատուրյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տևրիկ գավառի Ակնի շրջանի Բինկյան գյուղում: Սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, 1894-96թթ՝ Սվազի Արամյան դպրոցում, 1896-1901թթ՝ Մարգվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում։ 1902թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905թ. սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության պատճառով։ Գրել սկսել է 1901թ-ից։ 1903թ-ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների («Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի Էֆքյար», «Բյուզանդիոն» և այլն)։ Աշակերտական տարիների չափածո փորձերը հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք, 1907թ., Կ.Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան» և «Նոր տաղեր»։ Բանաստեղծի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծությունից ու պատմվածքից և մի քանի գրական-քննադատական հոդվածներից («Ինքնադատության փորձ մը», «Նարեկացիին հետ» և այլն), որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։ Կատարել է նաև չափածո և արձակ թարգմանություններ արևմտաեվրոպական և ռուս հեղինակներից։ Մկրտիչ Պեշիկթաշլյանից և Պետրոս Դուրյանից հետո նոր աստիճանի է բարձրացրել արևմտահայ պոեզիան, արտացոլել դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ ստեղծել է մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության կարոտով տոգորված քնարական հերոսի կերպար, արտահայտել դեմոկրատական խավերի երազանքը արդարության ու ներդաշնակ աշխարհի մասին։ Եղել է հայկական պոեզիայի բնության լավագույն երգիչներից։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինչ արբեցությամբ...»)։ Բանաստեղծի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը», գտել է, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» («Տո՜ւր ինձի, Տե՜ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշարը)։ Իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և աշխատանքի հովվերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»)։ Նրա բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Արևմտահայ պոեզիայում առաջ է քաշել բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծել բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրել ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան (հատկապես Գրիգոր Նարեկացին) և ժողովրդական բանահյուսությունը։ Բանաստեղծի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։ Մահացել է Կոստանդնուպոլսում՝ թոքախտից: Մեծարենցի անունով Երևանում կոչվել է փողոց և դպրոց, որի ներսում տեղադրվել է նրա արձանը: