ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան

Ծնվել է 1930թ. նոյեմբերի 26-ին, ՀՀ Ակներ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): 1945թ. ավարտել է տեղի յոթամյա, 1948թ.՝ Ալավերդու Ս.Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցները, 1952թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, 1957թ.՝ Մոսկվայի ժուռնալիստիկայի բաձրագույն դասընթացները: Տարբեր տարիների աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերի, «Ոզնի» երգիծաթերթի, «Խորհրդային Հայաստան» ամսագրի, Հայաստանի Ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրություններում, «Արևիկ» հրատարակչությունում։ 10 տարի դասախոսել է «Հայբուսակ» համալսարանի հումանիտար ֆակուլտետում։ 1953թ. լույս է տեսել նրա անդրանիկ` «Առաջին երգ» խորագրով ժողովածուն: Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական ավելի քան 130 գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի 17 լեզուներով` ռուսերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, լիտվերեն, արաբերեն, վրացերեն, պարսկերեն և այլն: 1959թ-ից Հայաստանի ժուռնալիստների, 1964թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա բանաստեղծություններով տարբեր սերնդի կոմպոզիտորներ ստեղծել են 250-ից ավելի մանկական, էստրադային երգեր, մանկական օպերաներ, իսկ պիեսները բեմադրվել են հայաստանյան մի շարք տիկնիկային և ժողովրդական թատրոններում, հնչել են հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Գրողի «Լենինի հոլիկը» (1973թ.) պոեմն արժանացել է «Դետսկայա լիտերատուրա» հրատարակչության համամիութենական մրցանակին, իսկ «Ծաղկամանի գաղտնիքը» պիեսը բեմադրվել է Երևանի Հ.Թումանյանի անվան և Գյումրու տիկնիկային թատրոններում։ Կատարել է թարգմանություններ Պ.Տիչինայից, Ս.Մարշակից, Կ.Չուկովսկուց, Ս.Միխալկովից, Ա.Բարտոյից։ Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնը 2003թ. բեմադրել է նրա «Սիրավեճ ապահարզանից հետո» կատակերգությունը։ Հրատարակվել են նրա «Հասկեր» (1959թ.), «Կապույտ թռչուն» (1976թ.), «Ոսկե տերևաթափ» (1982թ.), «Վարդեր և փշեր» (1992թ.), «Սիրավեճ ապահարզանից հետո» (1992թ.), «Ուրախ երգիծանի» (1999թ.), «Երգիծական այբուբեն» (2000թ.), «Բանաստեղծները չեն ծերանում» (2002թ.), «Երգիծատուն» (2004թ.), «Աշնանամուտի զանգեր» (2005թ.), «Եռաժանի ժպիտներ» (2010թ.), «Հայոց մայրաքաղաքները» (2010թ.), «Ութսուն ղողանջ» (2010թ.), «Ձյունոտ ծաղիկներ» (2010թ.), «Սիրո տաղարան» (2011թ.), «Ես սիրում եմ քեզ, հայերենիք» (2011թ.), «Մի երկար, լուսարար ճանապարհ» (հուշամատյան լուսանկարներով, 2012թ.), «Գրքի թևով, հազար ձևով» (2012թ.), «Հեքիաթի աղջիկը» (2012թ.), «Աշխարհի ամենափոքրիկ թագուհին» (2014թ.), «Տասը հեքիաթ» (2014թ.), «Մկնիկ հարսնացուն» (2014թ.), «100 հանելուկ» (2016թ.), «Մեկ մանկիկ եմ, մեկ պապիկ եմ» (2016թ.) և այլ գրքեր: 2005թ. արժանացել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալի: 2007թ. նրա «Հայրիկը և մայրիկը» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀԳՄ Վ.Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։ Նույն թվականին արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2010թ. «Մանկական երգարան» և «Ծաղկամանի գաղտնիքը» ժողովածուների համար արժանացել են «Թեքեյան» մշակութային միության Վահան Թեքեյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։ 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, ՀՀ վարչապետի հուշամեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և Եղիշե Չարենցի անվան մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար