Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Գեղանկարիչ

28 փետրվար, 1880 - 5 մայիս, 1972

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): 1895թ. ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը: 1897-1904թթ սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում: 1901թ. մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, Անիում: 1903թ. ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի կատարելագործվել նույն հաստատությանը կից Սերովի և Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր` Ուստիան Սարյանի (1898թ.), Սոֆյա Միանսարյանի (1903թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ` 1902թ.) և այլ գործեր: Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր: 1904-09թթ հրաժարվել է ավանդական մտածելակերպից և սկզբունքներից` ստեղծելով նոր ու արդիական արվեստ, որը կոչվում է «սարյանական»: 1907թ. Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904թ., «Ծաղկած սարեր», 1905թ., «Համբույր», 1906թ., «Հեքիաթ», 1908թ. և այլն), որը տոգորված է կյանքի առօրյայից բարձրանալու և տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալի ձգտումով: 1910-ական թվականներին ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910թ.), Եգիպտոսում (1911թ.), Պարսկաստանում (1913թ.): Այդ շրջանի գործերից են` «Կ.Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն, որոնք կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են: Համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է նոր, ինքնատիպ արժեք ու որակ: «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» նկարները առաջին անգամ գնել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը: 1915թ. Հայոց Մեծ եղեռնի ժամանակ աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին, Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով` տեղափոխվել է Թիֆլիսի հիվանդանոց: 1916թ. Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան...» ժողովածուն, 1919թ. Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան: 1921թ. Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով` ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը, Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945-51թթ եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924թ. մասնակցել է Վենետիկի բիենալեի 14-րդ ցուցահանդեսին: 1926-28թթ ապրել և ստեղծագործել է Փարիզում: 1928թ. Փարիզի «Ժիրար» սրահում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը: Այդ ցուցահանդեսը հայրենիք տեղափոխող «Ֆրիժի» նավի վրա հրդեհ է առաջացել, այրվել է նկարների մեծ մասը: 1937թ. Փարիզում բացված համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ-ի տաղավարի դեկորատիվ պաննոյի համար արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: Նրա հեղինակած դիմանկարներում, նատյուրմորտներում, բնանկարներում և պաննոներում («Հայաստան», «Եղիշե Չարենցի դիմանկարը», «Արևոտ բնանկար», երեքն էլ` 1923թ., «Վահրամ Փափազյանի դիմանկարը», 1924թ., «Աշնանային մառախլապատ օր», 1928թ., «Զանգվի ափը», 1930թ., «Ծաղիկներ», 1945թ., «Բակի անկյուն», 1953թ., և այլն) 1923թ-ից արմատապես փոխվել են նկարչի տեխնիկայի որոշ սկզբունքներ, իրականության հետ կապը դարձել է առավել անմիջական, երևակայականն ու կյանքի իդեալականացված կերպավորումները փոխարինվել են շոշափելի և բնական պատկերացումներով: Ուշագրավ են Արարատյան դաշտի, Սևանի, Լոռու, Զանգեզուրի և այլ վայրերի բնանկարները: «Իմ հայրենիքը» նկարաշարի (1952-58թթ) համար արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի (1961թ.): Ձևավորել է նաև գրքեր` Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծությունները» 1929թ., Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները» 1930թ., Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին» 1933թ. և այլն, օպերային (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստը», 1930 թ., Օդեսայում` 1933թ. և 1939թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1941թ., Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկը», 1956թ. և այլն) ու թատերական (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանոն», 1956թ., Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոն) ներկայացումներ, նաև Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի վարագույրը: Եղել է գույնի մեծ վարպետ, ստեղծել է վիթխարի մի պատկերասրահ` շուրջ 3 հազար գործ: Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա հայտնաբերել է գեղանկարչության ազգային ոճի վերակերտման ուղին, ազգային արվեստը բարձրացրել միջազգային մակարդակի: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Փարիզում, Երևանում և այլուր: Եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 2-4-րդ գումարումների պատգամավոր: 1958թ. արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի, 1965թ.` Հայաստանի Պետական մրցանակի: Եղել է նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947թ.) և ՀԽՍՀ ԳԱ (1956թ.) ակադեմիկոս: Գրել է «Գրառումներ իմ կյանքից» (1980թ.) գիրքը: Նրա գործերը կենտրոնացված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, նախկին Խորհրդային հանրապետությունների տարբեր թանգարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: 1926թ. արժանացել է Հայաստանի, 1960թ.` ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: 1955թ-ից Սիրիայի Հալեպ քաղաքում գործում է «Սարյան ակադեմիան», 1967թ-ից Երևանում` տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է 20-հազարանոց թղթադրամ: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց, տեղադրվել է հուշարձանը: