Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ՍԱՂԱԹԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

20 մարտ, 1921 - 3 հունիս, 2005

Ծնվել է ՀՀ Մոլլա-Բայազետ (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ) գյուղում: 1940թ. ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1941թ.` Երևանի մանկավարժական ինստիտուտը (էքստեռն)։ 1939-41թթ ուսուցչություն է արել Հայաստանի Աշտարակի և Հոկտեմբերյանի շրջաններում, ապա աշխատել է Շահումյանի (այժմ մտնում է Երևան քաղաքի շրջագծի մեջ) շրջանային «Նոր կյանք» թերթի խմբագրությունում` որպես պատասխանատու քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է սուզանավորդ, ապա` հրաձիգ։ 1946թ. եղել է հրահանգիչ և դասախոսական խմբի ղեկավար ՀԼԿԵՄ Կենտկոմում, 1956-69թթ` «Պիոներ» ամսագրի (նաև «Ծիծեռնակ» հանդեսի) գլխավոր խմբագիրը, 1969-78թթ` «Գրական թերթ»-ի խմբագիրը։ 1946թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1978թ-ից` ՀԳՄ վարչության քարտուղարը։ Նրա «Միայն մարդն է ուղիղ քայլում» (1969թ.) և «Դատավորը» (1976թ.) պիեսները բեմադրվել են Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ «Աղջիկը, Ծիպլին և Տիմբական» մանկական հեքիաթ-պիեսը 1979թ. բեմադրվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ «Դատավորը» («Եթե քո աչքը պարզ է») պիեսը հրատարակվել է հունգարարեն և 1984թ. բեմադրվել Բուդապեշտի հեռուստատեսությամբ։ Հրատարակվել են նրա «Իմ ձայնով» (բանաստեղծություններ, 1947թ.), «Չինական պատմվածքներ» (1949թ.), «Ապրիլ» (բանաստեղծություններ, 1952թ.), «Հարյուրերորդ հիերոգլիֆը» (պատմվածքներ, 1955թ.), «Հայրենի գյուղ» (պոեմ, 1956թ.), «Թե ինչ է շշնջում առուն» (բանաստեղծություններ, 1958թ.), «Արբանյակը Այգեստանում» (պատմվածքներ, 1959թ.), «Տիմբո-Բումո, Տիմբա-Կում» (1962թ.), «Արև ու ծով» (բանաստեղծություններ, 1964թ.), «Կյանքը սկուտեղի վրա» (1966թ.), «Մի անմորուք Ձմեռ պապի» (1969թ.), «Իմ պատուհանը» (բանաստեղծություններ, 1971թ.), «Միայն մարդն է ուղիղ քայլում... Եթե քո աչքը պարզ է... Դեռ կգա մեր զրահապատը...» (դրամաներ, 1975թ.), «Եթե քո աչքը պարզ է» (բանաստեղծություններ, պիեսներ, 1979թ.), «Թևեր» (վիպակներ, 1982թ.), «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» (հեքիաթ-վիպակ, 1985թ.) գրքերը: Թարգմանել է «Գյալչեչեկ» (թաթարական ժողովրդական հեքիաթներ, 1954թ.), «Ուկրաինական քնար։ Բանաստեղծություններ» (մի մասը, 1954թ.), Վ.Մայակովսկու «Հատընտիր» (մի մասը, 1955թ.), «Այս մասին» (1971թ.), Լև Կասիլի «Վաղ արշալույս» (1957թ.), Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» (վիպակ, 1957թ., 1983թ.), «Երկնագույն նետի ճանապարհորդությունը», «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» (1969թ., 1990թ.), Միխայիլ Իսակովսկու «Հատընտիր» (մի մասը, 1958թ.), Վերա Զվյագինցևայի «Ձմեռային աստղ» (մի մասը, 1960թ.), Իրժի Տրնկայի և Իոսիֆ Մենզելի «Գնդլիկ արջուկը կրկեսում» (պատմվածք, 1964թ.), «Գնդլիկ արջուկը խաղալիքների աշխարհում» (հեքիաթ, 1965թ.), Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» (1967թ.) և այլ երկեր: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Ժողովուրդների բարեկամության, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1968թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 1982թ.` ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակին` «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական» հեքիաթ-պիեսի համար: Մահացել է Երևանում: