
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

5-րդ դար
Եղել է հայ առաջին մատենագիրներից։ Նրա անունով մեզ է հասել «Պատմութիւն Ագաթանգեղեայ» խորագրով երկասիրությունը, որը դեռևս միջին դարերում համաշխարհային տարածում է ունեցել, թարգմանվել է հունարենի, արաբերենի, վրացերենի, եթովպերենի, լատիներենի, սլավոներենի և այլն: Հնագույն ստույգ տեղեկությունը Ագաթանգեղոսի մասին հաղորդում է հինգերորդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին, որն իր Պատմության հենց առաջին տողերում խոսում է նրա գրքի բովանդակության մասին, այդ երկը անվանելով «Գիրք Գրիգորիսի»։ Նույն անունով է հիշվում նաև Սեբեոսի Պատմության մեջ։ Հետագայում այս գրքի մասին խոսելիս մատենագիրները այլևս չեն հիշում «Գրիգորիսի գիրք» անունը, այլ պարզապես կոչում են «Ագաթանգեղոս» և այդ անունը ստուգաբանում հունարենով` «բարի հրեշտակ»։ Ագաթանգեղոսի Պատմությունը հայ մատենագրության անդրանիկ երկերից է, և առաջինը, որ կոչվում է «Պատմութիւն Հայոց»։ Մեծ է նրա պատմական արժեքը իբրև 3-րդ դարի և 4-րդ դարի սկզբի հայոց պատմության կարևորագույն աղբյուրի և թեպետ լի է վկայաբանական ու վիպական տարրերով, այսուհանդերձ, պատմական ստույգ փաստերը նրանում կարևոր տեղ են գրավում: Ագաթանգեղոսի Պատմությունն ընդգրկում է այն դարաշրջանը, երբ Հայաստանում Արշակունյաց թագավորությունը ժառանգական էր դարձել (Վաղարշ Երկրորդի (186-198թթ) թագավորությունից հետո), Հայաստանը պայքարում էր Սասանյան Պարսկաստանի ոտնձգությունների դեմ, և, վերջապես, Տրդատ Երրորդ թագավորը (287-330թթ) կարողանում է երկրում ուժեղ իշխանություն հաստատել ու ամրապնդել հայ պետականությունը: Ագաթանգեղոսի Պատմության գիտական ուսումնասիրությունը սկիզբ է առել 18-րդ դարում, երբ լույս տեսան նրա հունարեն թարգմանությունը և լատիներեն խմբագրությունը։ Հայկական բնագրի աոաջին քննական հրատարակությունը (1835թ., Վենետիկ), ինչպես նաև հայագիտության մեջ քննական մտքի ներթափանցումը հիմք դարձան Պատմության մասին առանձին ուսումնասիրությունների երևան գալուն: Պատմության վերաբերյալ հիմնական վիճելի կետերն են եղել անցյալ դարում և այժմ՝ նախնական խմբագրության հեղինակի ու ժամանակի, ինչպես նաև նրա և հունարեն ու այլ լեզուներով եղած թարգմանությունների փոխհարաբերությունների, Պատմության բնագրի տարբեր մասերի (առաջաբան և այլն) էության ու աղբյուրների հարցերը, Ագաթանգեղոսի ու Կորյունի և այլ հեղինակների փոխհարաբերության խնդիրները։ Այս բոլոր հարցերի մասին արժեքավոր ուսումնասիրություններ են դրել Վ.Լանգլուան, Ա.Գուտշմիդտը, Հ.Տաշյանը, Բ.Սարգիսյանը, Գ.Տեր-Մկրտչյանը, Նորայր Բյուզանդացին և այլոք, որոնց եզրակացությունները հիմնականում հանգում են հետևյալին: 5-րդ դարի կեսերին 4-րդ դարից գոյություն ունեցող տարբեր աղբյուրներից, հայ մատենագրի ձեռքով, շարադրվել է Գրիգորիսի գիրքը, որը տեսել ու նկարագրել են Ղազար Փարպեցին և այլոք: Հնարավոր է, որ Ագաթանդեղոսի Պատմությունը բացի հայկականից ունեցել է նաև հունալեզու աղբյուրներ։ Ագաթանդեղոսի Պատմության տարածման հարցում վճռական նշանակություն է ունեցել նրա հունարեն թարգմանությունը, քանի որ ինչպես վերջնականապես հաստատվել է, նրա միջոցով են առաջացել այլալեզու գրեթե բոլոր խմբագրությունները։ 10-րդ դարում Սիմեոն Մետափրաստեսը Ագաթանգեղոսի գրքի ամփոփ շարադրանքը մտցրել է իր կազմած հունարեն «Վարք սրբոցի» մեջ: Ագաթանգեղոսի հունարեն խմբագրությունը և նրա մետափրաստյան համառոտ տարբերակը տարածվել են միջնադարյան քրիստոնյա աշխարհում։ Հունարենից է կատարված լատիներեն համառոտ խմբագրությունը։ Մետափրաստյան տարբերակը ունեցել է վրացերեն և սլավոներեն թարգմանություններ: Կա նաև մի վրացերեն պատառիկ, որ ուղղակի հայերեն Ագաթանգեղոսից է թարգմանված: Սակայն հունարեն խմբագրությունը ամենից ավելի արաբերեն թարգմանություններ է ունեցել, որոնցից է հայտնի դարձած ամբողջական թարգմանությունը։ Այստեղ չկա Արտաշիրի ապստամբության վերաբերյալ հատվածը, որր գտնում ենք միայն հունականի մեջ։ Սա ոչ միայն վկայում է, որ արաբերեն Ագաթանգեղոսը հունականի մի հին օրինակի թարգմանություն է, այլև օգնում է մի անգամ ևս աներկբայորեն շեշտելու, որ հունարեն Ագաթանգեղոսը նախապես այդ հատվածը չի ունեցել։ Բոլոր ընդարձակ և համառոտ խմբագրությունները կազմում են Ագաթանգեղոսի երկի մինչև այժմ հայտնի բնագրերի մի ուրույն խումբ, որի հիմքը մեզ հայտնի հայերենն է։ Կա նաև խմբագրությունների մի ուրիշ խումբ, որի հայերեն բնագիրը դեռ չի հայտնաբերված։ Այս խումբը բանասիրության մեջ հայտնի է «Վարք» անվամբ։ Անհրաժեշտ է հատկապես շեշտել, որ Ագաթանգեղոսի երկու խումբ կազմող բազմալեզու խմբագրությունները հիմնականում նույն նյութն են պատմում։ Սրանք ներկայացնում են Հայաստանի պատմությունը 3-րդ դարում և 4-րդ դարի սկզբին: Ագաթանգեղոսի Հայոց պատմությունից մեզ հասել են 30-ի մոտ ձեռագրեր, որոնց 20-ից ավելին գտնվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Մեզ հայտնի հնագույն ձեռագիրը Վիեննայի Մխիթարյան մատենադարանի կրկնագիրն է, որը ըստ Տաշյանի 9-րդ դարի գրչագիր պետք է լինի։ Այս երկաթագիր ձեռագիրը ունի հատվածներ առաջաբանից և հասնում է մինչև Վարդապետությունը, սակայն վերջին պատմական մասը (Հայոց դարձը) բոլորովին չունի։ Երևանի Մատենադարանում կան Ագաթանգեղոսի 13-րդ դարի մի քանի գրչագրեր։ Բացառիկ արժեք ունի Փարիզի 1254-ի ձեռագիրը։ Պատմագրի Պատմությունը առաջին անգամ տպագրվել է 1709թ., Կ.Պոլսում: Սրա և մի անթվական ձեռագրի հիման վրա լույս է տեսել Ագաթանգեղոսի երկրորդ տպագրությունը, դարձյալ Կ.Պոլսում։ Վենետիկի 1835թ. հրատարակությունը առաջինն էր, որ կատարվել է մի քանի ձեռագրերի համեմատությամբ։ Ագաթանգեղոսի հաջորդ հրատարակությունները (Վենետիկ և Տփղիս) սրա արտատպություններն են: Ագաթանգեղոսի քննական բնագիրը լույս է տեսել 1909թ., պատրաստված Գ.Տեր-Մկրտչյանի և Ս.Կանայանցի ձեռքով։ Վաղարշապատի մատենադարանի 12 ամբողջական գրչագիր և ճառընտիրներում գտնվող բազմաթիվ հատվածներ համեմատվել են և ստացվել է մի համահավաք բնագիր, որը մեծ քայլ է Ագաթանգեղոսի նախնական բնագիրը վերականգնելու համար։ Դժբախտաբար հրատարակիչները իրենց տրամադրության տակ չեն ունեցել այլ վայրերում գտնվող ձեռագրեր և մանավանդ Վիեննայի կրկնագիրը: Այս վերջինը լույս է տեսել երկու տարի հետո Գ.Գյալեմքյարյանի ջանքերով, հնարավորություն տալով լրացնել այն պակասը, որ կար քննական հրատարակության մեջ։ Բացի միջնադարում կատարված բազմաթիվ թարգմանություններից, Ագաթանգեղոսի Պատմությունը 19-րդ դարում գրաբար բնագրից թարգմանվել է իտալերենի ու ֆրանսերենի: Իտալերեն թարգմանությունը կատարել են Վենետիկի Մխիթարյան հայրերը, զանց առնելով Վարդապետությունը։ Ֆրանսերեն թարգմանությունր կատարել է Վ.Լանդլուան, դարձյալ Վենետիկի Մխիթարյանների օժանդակությամբ։ Սակայն, ինչպես նշված է առաջաբանում, ոչ միայն չի թարգմանված Վարդապետությունը, այլև բուն Պատմաթյան մեջ կրոնական բովանդակություն ունեցող շատ հատվածներ կրճատվել են: Ագաթանգեղոսի հայերեն բնագրի լեզուն (ամբողջությամբ վերցրած) դասական կամ ոսկեդարյան գրաբար է, այսինքն պատկանում է այն գրքերի թվին, որոնք գրված են մինչև 460 թվականը։ Ագաթանգեղոսի Պատմությունը առաջինն է այն երկար շարքի մեջ (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի, Սեբեոս, Ղևոնդ և այլն), ուր ամեն մի նոր պատմիչ շարունակում է մոտավորապես այն տեղից, որտեղ կանգ էր առել իր նախորդը։