Մեսրոպ Փափազյան

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Բանասեր, արևելագետ, իրավաբան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

Կարո Զաքարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Գաբրիել Էլ-Ռեգիստան

Արձակագիր, բանաստեղծ

Վասիլ Վարդանյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Վիգեն Խեչումյան

Արձակագիր

Հայկ Խաչատրյան

Արձակագիր

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

Եվգենի Վախթանգով

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Արտակ Զիլֆիմյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ

Բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ

6 հուլիս, 1820 - 9 նոյեմբեր, 1901

Քերովբե Ալիշանյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում, դրամագետ-հնագետի ընտանիքում։ 1830-32թթ սովորել է տեղի Չալըխյան վարժարանում, 1832-40թթ՝ Վենետիկի Մխիթարյանների դպրոցում: 1838թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 16 տարեկանում, եկեղեցական կանոնակարգի համաձայն, անվանափոխվել է` Ղևոնդ Ալիշան: 1841-50թթ և 1866-72թթ աշխատել է Վենետիկի Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ, 1848թ-ից՝ տեսուչ, 1859-61թթ՝ Փարիզի Մուրատյան վարժարանի ուսուցիչ։ 1849-51թթ եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը: 1872թ-ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ։ Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով։ Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության և համախմբման շրջանում, երբ ժողովրդի ազատագրական ձգտումները նոր մարմնավորում էին ստանում, նրա ստեղծագործությունը դարձավ դրա արձագանքն ու արտացոլումը։ Այդ երկերում, որոնք գրված են աշխարհաբարով, հեղինակը պատկերել է հայ ժողովրդի պատմական անցյալի հերոսական դրվագները։ 1847-60թթ «Բազմավեպ»-ում Նահապետ ստորագրությամբ հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Մասիսու սարերն», «Հայոց աշխարհիկ», «Վերջին երգ վիրավոր բամբռահարին», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա», «Պլպուլըն Ավարայրի», «Շուշանն Շավարշանա»), որոնք նրա պոեզիայի բարձրակետն են։ Գրողն իր ուժերը փորձել է նաև գեղարվեստական արձակում՝ հրատարակելով «Յուշիկք հայրենեաց հայոց» (հ.1-2, 1869-70թթ) պատմագեղարվեստական ստեղծագործությունը։ Հայ ժողովրդի հերոսական անցյալի օրինակով նա երիտասարդ սերնդին սովորեցրել է սիրել հայրենիքը, չխնայել կյանքը նրա փրկության համար («Կարմիրն Վարդան»), գնահատել ու պահպանել ժողովրդի մշակույթը («Աբգար Դպիր») և այլն։ Տիրապետելով եվրոպական ու ասիական բազմաթիվ լեզուների՝ կատարել է մի շարք թարգմանություններ՝ Ջ.Միլտոնի «Դրախտ Կորուսյալ»-ը (հատված, «Ծաղկաքաղ քերդողաց Անգղիացւոց», 1852թ.), Ջ.Բայրոնի «Իտալիա»-ն («Չայլղ Հարոլդ» պոեմի չորրորդ երգը, 1860թ.), Ֆ.Շիլլերի «Երգ ի զանգակն» (1871թ.), Հ.Լոնգֆելլոյի «Հնձողն և ծաղկունք»-ը («Քնար Ամերիկյան», 1874թ.) և այլն: Եղել է հայ ժողովրդական բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք-ուսումնասիրողներից։ «Հայոց երգք ռամկականք» (1852թ., համատեղ տրված են հայերեն բնագիրն ու անգլերեն թարգմանությունը) ժողովածուն մեր գիտական բանագիտության առաջին աշխատություններից է։ Իր լավագույն ստեղծագործություններով հաղթահարել է կլասիցիզմը և ուղի հարթել ռոմանտիզմի համար՝ դառնալով այդ ուղղության հիմնադիրներից մեկը հայ գրականության մեջ։ Կոչ անելով հայությանը «զենքն ի ձեոին» ազատագրել հայրենիքը, պայքարով ձեռք բերել սեփական ազատությունն ու անկախությունը՝ սակայն, ապագա Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքը պատկերացրել է որպես լուսավորյալ միապետություն («Յուշիկք...»-ի «Ըսկիզբն տարւոյ և մարդկութեան ի Հայս», «Աշոտ Ա և Հայաստան հազար տարի առաջ» գլուխները)։ Գիտական հոդվածներով հանդես է եկել 1843թ-ից՝ «Բազմավեպ»-ի էջերում։ «Տեղագիր Հայոց Սեծաց» (1855թ.) աշխատության մեջ տեղագրել է պատմական Հայաստանի գավառները, տվել նրանց համապատասխան գիտաաշխարհագրական բնութագրությունը։ Նախատեսել է գրել պատմական Հայաստանի բոլոր տասնհինգ նահանգների մասին պատմաաշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20-22 մեծադիր հատորներում։ Շարքի առաջին գործն է «Շիրակ»-ը (1881թ.), որտեղ հեղինակը, բնավ Հայաստանում եղած չլինելով, հանգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Այնուհետև իրար են հաջորդել «Սիսուան» (1885թ.), «Այրարատ» (1890թ.) և «Սիսական» (1893թ.) աշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում։ Այդ գործերում գրողը մասնագիտական մանրակրկիտությամբ տեղագրել է Հայաստանի պատմական նահանգների լեռները, գետերը, լճերը, ձորերը, արժեքավոր տեղեկություններ հաղորդել քաղաքներում, շեներում ու գյուղերում եղած մեծ ու փոքր պատմական հուշարձանների մասին։ Նրա տեղագրական երկերում հավաքված են բազմաթիվ մեծարժեք նյութեր հայկական վանքերի, զանազան հուշարձանների վրա եղած արձանագրություններից, ամփոփված են իր նկարագրած տեղավայրերից մինչ այդ հրատարակված բոլոր արձանագրությունները։ Հետևել է ժամանակին լայն տարածում ստացած «աշխարհագրական ուղղությանը», ըստ որի մարդկային հասարակությաև զարգացման հիմնական ազդակը աշխարհագրական միջավայրն է։ 1881թ. Վենետիկում կայացած աշխարհագրագետների համաշխարհային երրորդ կոնգրեսում գրողը կարդացել է «Հայկական աշխարհագիտություն» թեմայով զեկուցում (իտալերեն, հայերեն հրտ.՝ 1881թ.), որտեղ, ի թիվս Հայաստանի աշխարհագրության հետ առնչվող բազում հարցերի, պաշտպանել է այդ տեսությունը։ Կարևոր ներդրում է ունեցել նաև մի շարք հայ պատմիչների գործերի գիտական հրատարակման բնագավառում։ Դրանցից են` Կիրակոս Գաևձակեցու «Համառօտ պատմութիւն» (1865թ.), Լաբուբնա ասորի մատենագրի «Թուղթ Աբգարու...» (թարգմանած անգլերենից, 1868թ.), Խոսրով Անձևացու «Մեկնութիւն աղօթից պատարագին» (1869թ.), «Սմբատ Գունդստաբլ հայոց և Անսիզք Անտիոքայ» (հայերեն բնագրով և նրա ֆրանսերեն թարգմանությամբ, 1876թ.), «Կամենից, Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ» (1896թ.) երկերը, «Սոփերք հայկականք» մատենաշարի 22 հատորիկները (1853-61թթ)։ Ուշագրավ են նրա «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» (1895թ.) աշխատությունը, ուր հեղինակը հավաքել, դասդասել և գիտականորեն բնութագրել է հայկական բևաշխարհի ավելի քան 3400 բույսեր ու ծաղկատեսակներ (150-ից ավելի նկարներով), «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց»-ը (1895թ.), ուր քննվում են հայկական հեթանոսության ծագումնաբանական ակունքները և այլն։ Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։ Եղել է Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր (1897թ.), անդամակցել է իտալական, ռուսական և այլ գիտական ընկերությունների։ 1886թ. արժանացել է ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկրի կոչման: Մահացել է Վենետիկում, թաղվել տեղի Սբ. Ղազար կղզում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար