
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ

մոտ 442 - 6-րդ դարի սկիզբ
Ծնվել է Փարպի գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում): Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Կրթվել ու դաստիարակվել է Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո: Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465-470թթ ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնակրթական գործերով։ 484-486թթ եղել է Սյունիքում։ 486թ. մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը նրան կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի (այժմ՝ Էջմիածին) վերակառուցված վանքի առաջնորդ։ Պատմիչը բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորչական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490թ.) Ամիդ, որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել նրան և պատվիրել գրել հայոց պատմությունը։ «Թուղթ առ Վահան Մամիկոնյան»-ը վավերական աղբյուր է 5-րդ դարի 2-րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականության դեմ։ «Թուղթ»-ն ունի փոքրիկ առաջաբան, որը Գ.Խալաթյանցի ենթադրությամբ գրել է պատմիչի աշակերտներից մեկը։ Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»-ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում նա հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով ու ճշտելով։ Իր պատմությունն սկսել է 387թ. իրադարձություններից (Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի առաջին բաժանումից)՝ շարունակելով Փավստոս Բուզանդին։ Առաջին դրվագում մանրամասն շարադրված են Արշակ Գ-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428թ.)։ Այն ավարտվում է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվան (440թ.) հետ կապված դեպքերի նկարագրությամբ։ Երկրորդ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է, համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին և շատ ընդհանրություններ ունի այդ երկի հետ։ Երրորդ դրվագը, որպես սկզբնաղբյուր, ամենաարժեքավորն է, որովհետև հեղինակն իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460-480-ական թթ հայ-պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482-484թթ հակապարսկական ապստամբության պատմությունը։ Պատմիչի հաղորդած տեղեկությունները անփոխարինելի աղբյուր են հայ ժողովրդի, ինչպես նաև վրաց ու աղվանից ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։ Նրա «Թուղթ»-ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի տգետ և նախանձոտ հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Հեղինակը հրաժարվել է աղանդավորների հետ կապերը խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գտել է, որ պատմագրությունը պետք է ենթարկվի խոհեմության ու անկողմնակալության սկզբունքներին, հիմք ունենա ուղղափառական հավատը, և, պատմության բարոյական էությունն օգտագործելով, կատարի դաստիարակչական դեր։ Գրել է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու աշխարհիկների քաջության պատմությունը, որն ընթանում է պայքարի, հակադրությունների ու ելևէջների ձևով։ Պատմությունը մի կողմից նախախնամության, մյուս կողմից՝ մարդկանց անձնիշխան գործունեության դրսևորումն է։ Նա աշխարհիկ ֆեոդալների իշխանությունը սահմանափակում է տնտեսական, քաղաքական, եկեղեցունը՝ կրոնական գործունեությամբ։ Ղեկավարը, ըստ պատմիչի, չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն։ «Թուղթ»-ն առաջին անգամ հրատարակել է Մկրտիչ Էմինը (1853թ.), աշխարհաբար է թարգմանել Միքայել Նալբանդյանը (1868թ.)։ «Պատմություն Հայոց»-ն առաջին անգամ հրատարակվել է 1793թ., Վենետիկում (աշխարհաբար՝ 1895թ., Ալեքսանդրապոլում)։ Ֆրանսերեն մասնակի հրատարակվել է 1843թ., Գ.Գապարաճյանի, ամբողջությամբ՝ 1869թ., Ս.Գանթարյանի (Կեսարյան) թարգմանությամբ։ Ըստ ավանդության, թաղված է Փարպիի ձորում՝ Լազրևան գյուղի հարավային կողմում գտնվող ավերակ եկեղեցու մոտ (այլ տարբերակով՝ Մուշի Սբ. Առաքելոց վանքում)։