Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ՂԱՓԼԱՆՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

14 դեկտեմբեր, 1923 - 17 օգոստոս, 1988

Ծնվել է Հայաստանի Գյառ-Գյառ (այժմ` ՀՀ Լոռու մարզի Գարգառ) գյուղում: Եղել է դերասանուհի Էմմա Վարդանյանի ամուսինը: Բեմ է բարձրացել 1935թ., Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում, ուր աշխատել է մինչև 1938թ., ապա` Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: 1940թ. ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը: 1942-45թթ ծառայել է սովետական բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, հետո` մինչև 1952թ. կրկին աշխատել նույն թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1952-53թթ ստաժավորվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում: 1953-58թթ եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1958-60թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր, 1960-62թթ` կրկին պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր, նաև տնօրենը, 1962-65թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1965թ-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահը: 1965թ. նրա նախաձեռնությամբ միությանը կից կազմակերպվել է ստուդիա-թատրոն (1969թ-ից` Երևանի դրամատիկական թաարոն, այժմ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան), որտեղ եղել է տնօրեն ու գեղարվեստական ղեկավար: 1973-75թթ միաժամանակ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը, 1977-79թթ` նաև գլխավոր ոեժիսորը: Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում խաղացել է շուրջ 60 դեր: Խաղացած ներկայացումներից են` Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Տրուֆալդինո), Հ.Թումանյանի «Գիքոր» (Գիքոր), Վ.Կատաևի «Գնդի որդին» (Վանյա Սոլնցե), Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» (Տյուլենին) և այլն: Նրա բեմադրությունները ժամանակի թատերարվեստի նվաճումներից են եղել, աչքի են ընկել վառ թատերայնությամբ, պատկերավոր բեմավիճակներով: Լավագույններից են` Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք» (1955թ.), Գ.Յաղջյանի «Գիշերային հրաշք» (1960թ.), Ա.Շիրվանզադեի «Արտիստը» (1955թ.), Ս.Միխալկովի «Սոմբրերո» (1961թ.), Ֆ.Գուդրիչի, Ա.Հակկետի «Աննա Ֆրանկի օրագիրը» (1968թ.), Կ.Խոյինսկու «Գիշերային պատմություն» (1968թ.), Ի.Շտոկի «Աստվածային կատակերգություն» (1968թ.), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (1970թ.), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (1970թ.), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (1970թ.), «Ռիչարդ Երրորդ» (1972թ.), «Կորիոլան» (1978թ.), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (1976թ.), Ի.Ստրավինսկու «Էդիպ արքա» (1963թ.), Լ.Բեռնստայնի «Վեստ-Սայդյան պատմություն» (1963թ.) և այլն: Բեմադրություններ է կատարել նաև Մոսկվայի մի քանի թատրոններում, Բրատիսլավայի ազգային թատրոնում` Ա.Արաքսմանյանի «Քո սրտի կրակը» (1959թ.), Գ.Յաղջյանի «Գիշերային հրաշք» (1959թ.), Լ.Ուկրաինկայի «Քարե տերը» (1971թ.), Ս.Դանգուլովի «Ճանաչում» (1970թ.), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (1977թ.), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (1976թ.) և այլն: Հեղինակել է «Իմ ընկերները» (1958թ.) պիեսների ժողովածուն: 1975թ-ից դերասանի վարպետություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (պրոֆեսոր): Եղել է ԽՍՀՄ 9-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1950թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ: 1975թ. և 1979թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, պարգևատրվել ժողովուրդների բարեկամության շքանշանով: 1954թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1960թ.` արվեստի վաստակավոր գործչի, 1966թ.` Հայաստանի, 1971թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Երևանի դրամատիկական թատրոնը կոչվում է Հրաչյա Ղափլանյանի անունով: