
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

19 փետրվար, 1869 - 23 մարտ, 1923
Ծնվել է Հայաստանի Դսեղ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1879-83թթ սովորել է Ջալալօղլի գյուղի (այժմ՝ ՀՀ Ստեփանավան քաղաք) ծխական դպրոցում: 1883թ-ից բնակություն է հաստատել Թիֆլիսում: 1883-87թթ սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում: Դպրոցի լրիվ դասընթացը չավարտած, աշխատանքի է անցել Թիֆլիսի հայոց հոգևոր կոնսիստորիայում, ապա՝ Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում: 1893թ-ից զբաղվել է գրական աշխատանքով և հասարակական գործունեությամբ: Սկսել է ստեղծագործել 1880-ական թվականների կեսերից: ժողովրդական մոտիվներով երգերից ու ավանդություններից բացի, գրել է ազգային-հայրենասիրական բանաստեղծություններ՝ Ղևոնդ Ալիշանի և Ռափայել Պատկանյանի ակնհայտ ազդեցությամբ: Որպես բանաստեղծ հայտնի է դարձել հաջորդ տասնամյակի սկզբին, երբ լույս է տեսել նրա երկու ժողովածուները («Բանաստեղծություններ», 1890թ., 1892թ.): Այդ և հետագա տարիներին աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» և այլ պարբերականների: Գրողի մուտքը գրականություն համընկել է հայ մշակույթի շրջադարձային փուլերից մեկի հետ: Դարավերջին գրականության առաջնահերթ խնդիրն էր դարձել ժողովրդի կյանքի, սոցիալական և ազգային ձգտումների ճշմարտացի պատկերումը , ժողովրդական ստեղծագործության համակողմանի օգտագործումը: Գրողը եղել է դրա խոշորագույն կրողն ու մարմնավորողը, ով դեռ գրական գործունեության արշալույսին հռչակել է «դեպի բնությունը, դեպի ժողովուրդը, հայոց գրողնե՝ր» սկզբունքը: Նա ճշմարիտ ժողովրդային էր համարում միայն այն գրականությունը, որի մեջ տեսնում էր «ազգային ոգի, վիշտ, ուրախություն, սովորություն, զգացմունք»: Արդեն 1890-ական թվականներին հրատարակված նրա պոեմների, բանաստեղծությունների և բալլադների մեջ լայնորեն պատկերված են հայ իրականությանը, մասնավորապես, հայ գյուղին բնորոշ սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտները, օգտագործված են նրա բանահյուսության ավանդույթները: Գրողի այդ շրջանի ստեղծագործությունը, ընդհանուր առմամբ, զարգանում էր ռեալիզմի հունով: Բայց երիտասարդ բանաստեղծի ոճի մեջ կային ռոմանտիզմի ազդեցության հետքեր: Դա մասնավորապես վերաբերում է վաղ շրջանի պոեմներին («Մեհրի», «Ալեք», «Մերժած օրենք», «Անուշ»-ի առաջին տարբերակը, 1890թ.), որոնց հերոսները հաճախ բնորոշվում են ռոմանտիկական բացառիկությամբ ու խորհրդավորությամբ: Նրա ստեղծագործական հասունության, ռեալիզմի և ժողովրդայնության ամենաբարձր փուլն սկսվում է 20-րդ դարի առաջին տարիներից: 1901-03թթ նա արմատապես վերամշակել է և նորից գրել նահապետական հայ գյուղի կյանքը պատկերող «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Մարոն» պոեմները: Դարասկզբին են գրվել կամ առաջին անգամ հրատարակվել նրա էպիկական պոեզիայի մյուս նշանավոր երկերը՝ «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Պոետն ու Մուսան», «Դեպի Անհունը», «Հին կռիվը» պոեմները, բազմաթիվ բալլադներ ու բանաստեղծություններ: Այդ երկերի մեծ մասը հավաքվել է 1903թ. Թիֆլիսում հրատարակված ժողովածուի մեջ, որը եղավ նրա դասական վարպետության առաջին ամբողջական արտահայտությունը: Գրողը, ամենից առաջ, էպիկ բանաստեղծ է: Նրա ստեղծագործական սկզբունքներն առավել ցայտուն երևան են եկել պոեմներում ու բալլադներում, որոնք այդ ժանրերի մեջ նախահոկտեմբերյան հայկական գրականության ամենաբարձր նվաճումն են: «Հառաչանք» պոեմում, որը գրողը հղացել է 1880-ական թվականներին, պատկերված են գյուղացիական զանգվածների տարերային բողոքն ու պայքարը ֆեոդալական և կապիտալիստական ճնշման դեմ, ժողովրդի՝ սոցիալական արդարության ու հավասարության երազանքը: Պոեմը մեզ հասել է անավարտ վիճակում. 1893թ. և 1914թ. մամուլում տպագրվել են դրա միայն երկու մասերը, իսկ մյուսները կորել են 1909թ. ժանդարմական վարչության խուզարկության ժամանակ: «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և, հատկապես, «Անուշ» պոեմներում նկարագրված է հայ նահապետական գյուղն իր սովորույթներով, պատկերացումներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: Միաժամանակ գրողը ժողովրդական կյանքի տարերքում տեսնում է շատ բանաստեղծական ու գեղեցիկ բան՝ ազնվություն, անձնազոհություն, հոգու հարստություն, որոնք հակադրվում են բուրժուական աշխարհի հակահումանիստական սկզբունքներին: Այս ամենի մեջ դրսևորվել է նրա արմատական դեմոկրատիզմը: «Անուշ» պոեմը հայ գրականության ամենասիրված երկերից է: Այդ պոեմի հիման վրա է ստեղծվել Ա.Տիգրանյանի համանուն օպերան (1912թ.): «Թմկաբերդի առումը» պոեմը գրական հիմք է ծառայել Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համար (1920-ական թթ): 1894թ. հեղինակը գրել է «Դեպի Անհունը» պոեմը, որտեղ քննվում են կեցության հավերժական գաղտնիքները, կյանքի ու մահվան առեղծվածը: «Պոետն ու Մուսան» պոեմում ծաղրվում է գռեհիկ բուրժուական հայացքը ստեղծագործական աշխատանքի, գրողի և հասարակության փոխհարաբերության մասին: Գրողի ողջ ստեղծագործությունը կապված է ժողովրդական բանահյուսության հետ, որից նա քաղել է իր շատ երկերի թեմաները, սյուժեներն ու կերպարները: Հայկական էպոսի երրորդ՝ գլխավոր ճյուղի, մի քանի պատումների հիման վրա ստեղծել է «Սասունցի Դավիթը» (1902թ.) պոեմը, որը հայ ժողովրդի հերոսական վիպերգության լավագույն մշակումն է: Պատմական ավանդությունից է ներշնչված «Թմկաբերդի առումը» (1902թ.) ազնվության ու նենգության, հայրենասիրության ու դավաճանության մասին պատմող էպիկական ասքը: «Հազարան բլբուլ» անավարտ հեքիաթ-պոեմում, որի վրա հեղինակն ընդհատումներով աշխատել է 1890-ական թվականների կեսից մինչև իր մահը, դրված է մարդու և հասարակության կատարելագործման մեջ արվեստի վիթխարի դերի փիլիսոփայական-գեղագիտական խնդիրը: Գրողը հայ գրականության մեջ հաստատել է բանահյուսության օգտագործման ռեալիստական սկզբունքը, որը ժողովրդական սկզբնաղբյուրի ոգուն հավատարմությունը զուգակցում է բանաստեղծի ակտիվության, նրա դեմոկրատական և մարդասիրական գաղափարների դրսևորման հետ: Այդ ճանապարհով են կերտվել, բացի նշված երկերից, նաև նրա բալլադները, որոնց հիմքում ընկած են հայկական և արևելյան լեգենդներ ու ավանդություններ: Այս ժանրի առավել նշանակալից երկերն են «Ախթամար»-ը (1892թ.), «Փարվանա»-ն (1903թ.), «Հսկան» (1908թ.), «Մի կաթիլ մեղրը» (1909թ.), «Աղավնու վանքը» (1913թ.), «Թագավորն ու չարչին» (1917թ.): 20-րդ դարի սկզբին մշակել է ավելի քան երկու տասնյակ հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Օսկու կարասը», «Քաջ Նազար», 1908թ.), ինչպես նաև փոխադրել է Գրիմ եղբայրների, ռուսական, հնդկական, ճապոնական, իտալական և այլ ժողովուրդների մի շարք հեքիաթներ: Հայ գրականության արձակի լավագույն էջերից են գրողի պատմվածքները, որոնք նվիրված են գերազանցապես հայ գյուղի կյանքին, կենցաղին, բնությանը: Դրանք ստեղծում են լիարյուն գեղարվեստական կերպարներ, ճշգրիտ և դիպուկ են մանրամասների, խորիմաստ և նշանակալից՝ գեղարվեստական ընդհանրացումների մեջ: Հայ արձակի գլուխգործոց է «Գիքորը» (1895թ., հրտ.՝ 1907թ.)՝ բուրժուական քաղաքում զոհված գյուղացի պատանու պատմությունը, որը բազմիցս բեմականացվել է, հիմք դարձել լիամետրաժ կինոնկարի համար: Մանկական գրականության լավագույն էջերից են «Շունն ու կատուն» (1886թ., հրտ.՝ 1892թ.), «Անբախտ վաճառականներ» (1886թ., հրտ.՝ 1899թ.), այլ չափածո ու արձակ գործեր: Գրողը ակտիվ մասնակցություն է ունեցել դպրոցական «Լուսաբեր» դասագրքի պրակների (1907թ-ից) և «Հայ գրողներ» երկհատոր քրեստոմատիայի (1909թ.) ստեղծմանը: Կյանքի վերջին տարիներին (1916-22թթ) ստեղծել է բազմաթիվ քառյակներ: Մտքի և խոսքի կատարյալ ներդաշնակությամբ, բացառիկ հակիրճությամբ բնութագրվող այդ գործերը շոշափում են մարդու կոչման, կյանքի և մահվան փոխհարաբերության բարդ հարցերը, դրանք լուծում մարդասիրական ու բնապաշտական դիրքերից: 20-րդ դարի սկզբին հատուկ ուժով ծավալվել է նրա հասարակական գործունեությունը: Հատկապես նշանակալից է նրա գործունեությունն անդրկովկասյան ժողովուրդների միջև բարեկամություն և փոխըմբռնում հաստատելու ուղղությամբ: 1905-07թթ մեծ ջանքեր է գործադրել ցարական բյուրոկրատիայի և նացիոնալիստական կուսակցությունների հրահրած հայ-թաթարական արյունոտ ընդհարումներին վերջ տալու համար: Այդ պատճառով նա երկու անգամ ձերբակալվել է (1908-09թթ, 1911-12թթ): Բանաստեղծի խաղաղասիրական միսիան երևան է եկել նաև 1918թ.՝ մենշևիկյան Վրաստանի և դաշնակցական Հայաստանի միջև ծագած ռազմական կոնֆլիկտի, ինչպես նաև 1921թ. սկզբներին Հայաստանում դաշնակցական ավանտյուրայի ժամանակ: Գրողը եղել է 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների հայ գրականության կենտրոնական դեմքը: Եղել է նաև գրական-հասարակական կազմակերպությունների հիմնադիրն ու ղեկավարը: 1899թ. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի մեջ մտնում էին Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: 1912թ. ընտրվել է նոր կազմակերպված Հայ գրողների ընկերության նախագահ (մինչև 1921թ.), վիթխարի գործ կատարել հայ գրականության դեմոկրատական ուժերի համախմբման, առաջավոր գեղագիտական սկզբունքների պրոպագանդման համար: Հիմնականում այդ նույն ժամանակ է ծավալվել նաև նրա քննադատական և հրապարակախոսական գործունեությունը, նա հանդես է եկել հոդվածներով, որոնց մեջ արծարծվում են հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի և բարբառների զարգացման հարցերը: Գրել է հետազոտություններ հայ միջնադարյան քնարերգության (Ն.Քուչակ, Ն.Հովնաթան, հատկապես Սայաթ-Նովա), Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի և հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին: Նշանակալից են Պուշկինին, Լերմոնտովին, Տոլստոյին տված նրա գնահատականները: Հոդվածների և գրախոսականների մի ամբողջ շարք է նվիրել Շեքսպիրին: Իբրև Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) նախագահ (1921-22թթ) և Հայ արվեստի տան (Թիֆլիս) ղեկավար՝ նա իր վերջին ուժերը նվիրել է նոր կարգերի ամրապնդման և նոր մշակույթի ստեղծման գործին: Նշանակալի է գրողի թարգմանական աշխատանքը, որտեղ նա ճշգրտությունն ու հարազատությունը զուգակցում է բանաստեղծական ազատության հետ: Թարգմանել է Պուշկինի բանաստեղծություններն ու բալլադները («Ձմեռվա իրիկունը», «Օլեգի երգը», «Ջրահեղձը» և այլն), Բայրոնի «Շիլիոնի կալանավորը», Լերմոնտովի «Մծիրին», հատվածներ ռուսական բիլինաներից և սերբական էպոսից, Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» պոեմից և այլ գործեր: Գրողի շատ երկեր թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, հունարեն, ճապոներեն, շվեդերեն, վրացերեն, չինարեն, պարսկերեն և այլ լեզուներով: Մահացել է Մոսկվայում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի հայկական պանթեոնում, սիրտը` ՀՀ Դսեղ գյուղում: Երևանում գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը, Դսեղում` տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և այլ քաղաքներում ու գյուղերում: 1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակ: 1957թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: Հայկական 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Հովհաննես Թումանյանի դիմանկարը: