ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

Կինոռեժիսոր

19 մայիս, 1892 - 27 ապրիլ, 1965

Համբարձում Բեկնազարով

Ծնվել է Երևանում: Եղել է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրը և կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրը: Սովորել է Երևանի, ապա Տաշքենդի գիմնազիաներում: Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ, ելույթներ է ունեցել կրկեսում («Մարոնի» կեղծանունով), մասնակցել է միջազգային մրցումների: 1918թ. ավարտել է Մոսկվայի առևտրական ինստիտուտը: 1914թ. երկրորդական դերով հանդես է եկել կինոյում: 1915թ. «Համո Բեկ» կեղծանունով նկարահանվել է կինոֆաբրիկանտ Կ.Լիբկենի ստուդիայում (Յարոսլավլ), տարբեր դերերով մասնակցել «Փախստականներ», «Վաճառական Վոլգինի զավակները», «Իմ խարույկն առկայծում է մշուշում» և այլ ժապավենների ստեղծմանը: Միաժամանակ եղել է Ա.Խանժոնկովի, Ա.Խոխլովկինի, Ն.Կագանի, Դ.Դրանկովի կինոֆիրմաների դերասան: 1917թ-ից աշխատակցել է հայ ձեռնարկատերերի կազմակերպած «Բիոֆիլմ» բաժնետիրական ընկերությանը: Կինոյի հայտնի դերասաններ Ի.Մոզժուխինի և Վ.Խոլոդնայայի ընկերակցությամբ ռուսական մի շարք ֆիլմերում խաղացել է առաջատար դերեր: Իր արվեստը կատարելագործել է նախահեղափոխական կինեմատոգրաֆիայի լավագույն ռեժիսորներ Վ.Գարդինի, Ե.Բաուերի, Յ.Պրոտազանովի, Ի.Փերեսթիանիի ղեկավարությամբ: Խաղացել է մոտ հարյուր դեր, համարվել ռուսական էկրանի բարձրացող աստղ: Սովետական իշխանության տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կինեմատոգրաֆիայի ստեղծմանը: 1921թ-ից եղել է Վրաստանի Լուսժողկոմատի կինոսեկցիայի վարիչը, ապա` Վրաստանի Պետկինոարդի ստուդիայի դիրեկտորը և գեղարվեստական ղեկավարը: Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1923թ.` «Խայտառակության սյան մոտ» (ըստ Ա.Ղազբեգիի «Հայրասպանը» վեպի, 1924թ.) վրացական կինոնկարի բեմադրությամբ: «Կորսված գանձեր» (1924թ.) և «Նաթաելա» (1925թ.) ֆիլմերում առաջին անգամ նկարահանվել են վրացի ականավոր արտիստներ Ա.Խորավան և Մ.Ճիաուրելին: Այդ կինոնկարներն աչքի են ընկնում սյուժեի սրությամբ, դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկայի երանգավորումով: 1925թ., Հայաստանի ժողկոմխորհի հրավերով, եկել է Երևան, գլխավորել հայկական գեղարվեստական կինեմատոգրաֆիայի կազմավորման ընթացքը: 1925-28թթ ստեղծել է հինգ գեղարվեստական համր կինոնկար` «Նամուս» (1925թ.), «Զարե» (1926թ.), «Շոր և Շորշոր» (1926թ.), «Խասփուշ» (1927թ.), «Տունը հրաբխի վրա» (1928թ., համատեղ նկարահանվել է Ազպետկինոյի հետ), որոնց մեջ բացահայտվել են նրա ռեժիսորական արվեստի բնորոշ առանձնահատկությունները: Կինոռեժիսորի համր ֆիլմերը խոշոր ներդրում էին կինոարվեստի գանձարանը: Արևելքի ժողովուրդների կյանքին նվիրված բոլոր ժապավեններին հատկանշական էկզոտիկ պատկերմանը հակառակ, առաջին անգամ նա տվել է իրական Արևելքի նկարագիրը: Հայկական առաջին իսկ ֆիլմերից ամրապնդվել են նրա արվեստի գլխավոր սկզբունքները` կինոպատումի խիստ վավերականություն, ողջ ժապավենի կոմպոզիցիոն ամբողջականություն, դերասանների ռեալիստական խաղ, հավատարմություն դասական գրականության ոճաբանությանը: Կինոարվեստում նա օրգանապես համադրել է հայկական դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, դրել կինեմատոգրաֆիայի ազգային ոճի հիմքը: Ստեղծագործական այդ սկզբունքները զարգացրել է իր հնչուն կինոնկարներում, որոնցից առաջինը` «Պեպո»-ն (1935թ.), սովետական բազմազգ կինեմատոգրաֆիայի խոշոր նվաճումն էր: Նրա հնչուն ֆիլմերին բնորոշ է մասշտաբայնությունը, թեմայի մշակման խորությունը, կինեմատոգրաֆիական վառ արտահայտչականությունը, կինոպատումի մոնումենտալ ոճը: Այդ ոճով են ստեղծվել «Զանգեզուր»-ը (1938թ.), «Դավիթ Բեկ»-ը (1944թ.): Նկարահանել է հետաքրքիր փաստագրական կինոնկարներ` «Երկրաշարժը Լենինականում» (1927թ.), «Երկիր Նաիրի» (1930թ.), «Սովետական Հայաստան» (1948թ., Լևոն Իսահակյանի և Էրազմ Քարամյանի հետ): Նրա ստեղծագործությունը սերտորեն կապված է սովետական եղբայրական ժողովուրդների կինեմատոգրաֆիային, բացի վրացականից, նա նկարահանել է ադրբեջանական` «Սևիլ» (1929թ.), «Սաբուհի» (1941թ.), ուզբեկական` «Բնակարանամուտի խնջույք» (1954թ.), տաջիկական` «Նասրեդդինը Խոջենթում» (1959թ., Է.Քարամյանի հետ) կինոնկարները: Իր անմիջական մասնակցությամբ ստեղծված «Վոստոկկինո» ստուդիայում բեմադրել է նանայական «Իզդենբու» (1930թ.), չեչենական «Շքանշանով մարդը» (1931թ.) գեղարվեստական, ինչպես և փաստագրական «Գոլդերի երկիրը» կինոնկարները: Գրել է կինոնկարների սցենարներ: Պարգևատրվել է երեք շքանշանով: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1941թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի` «Զանգեզուր» ֆիլմի համար: Մահացել է Մոսկվայում: 1966թ-ից հայկական կինոստուդիան կոչվում է Բեկնազարյանի անունով: