ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆ

Ռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստաֆիլմերի և ծրագրերի ռեժիսուրա բաժին: Ուսման առաջին տարիներից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` ռեժիսոր: Զուգահեռաբար նկարահանել է փաստավավերագրական ֆիլմեր: Առաջիններից «Գաղտնամարտ» վավերագրական ֆիլմը «Սուրբ Աննա» դեբյուտային ֆիլմերի փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման: 2000թ. մասնակցել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպած ռեժիսուրայի դասընթացին: Համալսարանն ավարտելուց հետո, անցել է ծառայության ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում` որպես «Զինուժ» հեռուստածրագրերի լրագրող: Ծառայությունից հետո աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրում` որպես ռեժիսոր: 2004թ-ից եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի, ապա` Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի գլխավոր ռեժիսորը: Նկարահանել է մի շարք հեռուստանախագծեր, տեսահոլովակներ և փաստագրական ֆիլմեր, որոնցից են` «Ասք հայոց գինու մասին», «Այգեձոր», «Անանուն շիրիմներ», «Ֆրունզիկ Մկրտչյան. Կյանքը ժապավենի վրա», «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան», «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» փաստագրական ֆիլմերը: 2009թ. հիմնադրել է «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը, որտեղ արտադրվում են հիմնականում փաստավավերագրական ֆիլմեր` «Լրատվության հայ-թուրքական սահմանը», «Ազգային հերոսներ», «Իմ տունն այստեղ է» և այլն: 2012թ. «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» փաստագրական ֆիլմը Աստանայում կայացած «ՏԷՖԻ-համագործակցություն» հեռուստատեսային փառատոնում արժանացել է «Լավագույն հեռուստատեսային վավերագրական ֆիլմ» մրցանակին: Կազմակերպում է նաև մասնագիտական դասընթացներ ինչպես հայ, այնպես էլ արտերկրի հեռուստատեսության և կինոյի մասնագետների մասնակցությամբ: Դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում: Պարբերաբար վարպետության դասեր է անցկացնում Երևանի Հայ-ռուսական սլավոնական համալսարանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար